Հայաստանում ավարտված ՏՏ համաշխարհային կոնգրեսից հետո մեծ են ոչ միայն տպավորությունները, այլ նաև հարցերը՝ ինչ մնաց կոնգրեսից, ինչ ստացավ, ինչ պահեց, ինչ վերցրեց Հայաստանը, և, իհարկե, ինչ վերցրին Հայաստանից՝ լավ իմաստով, համաշխարհային ներգրավվածության իմաստով: Դա լոկ տնտեսական հարց չէ, որովհետև այստեղ խոսքը վերաբերում է համաշխարհային մի ոլորտի, որտեղ, խոշոր հաշվով, ոչ միայն նոր տեխնոլոգիաներ են կերտվում, այլ, ըստ էության, կերտվում է նոր մարդը՝ այդ տեխնոլոգիական միջավայրի փոխազդեցության պայմաններում: Իսկ սա արդեն քաղաքական ու քաղաքակրթական խնդիր է:
Միաժամանակ դա խնդիր է, որ գուցե շատ ավելի լոկալ հատկանիշներով, սակայն հրատապ է հայաստանյան շրջանակում:
Մենք ունենք նոր մարդու, հանրային նոր տեսակի, նոր մտածողության ձևավորման անհրաժեշտություն, որը միաժամանակ ներդաշնակ կլինի նաև մեր ազգային ինքնության հենարանների հետ: Սա մի կողմից ահռելի հնարավորություններ, մյուս կողմից ոչ պակաս մարտահրավերներ նետող գործընթաց է: Հատկապես այն պարագայում, երբ այդ գործընթացի անխուսափելի առկայությունը Հայաստանում բախվում է նույնքան անխուսափելի գավառական և պսևդոհայրենասիրական պաթետիկ դիմադրությանը, որի միջոցով Հայաստանում առկա ստատուս-քվոն՝ թե՛ տնտեսական, թե՛ հասարակական և թե՛ անգամ կենցաղային իմաստով փորձում են պահպանել կամ փրկել դրա գլխավոր շահառուները՝ քրեաօլիգարխիկ խմբերը: Կորցնելով իշխանությունը, այդ խմբերը գործնականում փորձում են անել ամեն ինչ հանրային միջավայրերում ազդեցությունը, ազդեցության օջախները պահելու համար, ինչը թույլ կտա նաև փայփայել երբևէ իշխանությունը վերականգնելու հույսեր: Այլ հարց է՝ այդ հույսերը ռացիոնալ են, թե ոչ: Խնդիրն այն է, որ նրանք հավատում են դրանց, ընդ որում՝ ոչ այնքան միամտության, այլ խորքային, տեսակային մղումից ելնելով, որովհետև այդ շրջանակները անձնական ողբերգության մակարդակ են դիտարկում իշխանության և մյուսների հանդեպ դրա ընձեռած արտոնությունների կորուստը, հետևաբար, նրանց ենթագիտակցության մեջ այն վերածվում է կամ «մահ կամ իշխանություն, կամ «մահ կամ պայքար իշխանության համար» դիլեմայի:
Նոր մարդը, հանրության նոր տեսակը, նոր մտածողությունը, համաշխարհային քաղաքակրթական նոր շերտերի և ազգային ինքնության պատմական հենքի ներդաշնակության վրա ձևավորվող հանրային, տնտեսական, քաղաքական միջավայրը այդ խմբերի համար դիտարկվում է «վախճանի» պրիզմայով: Մինչդեռ, Հայաստանի համար վախճանի հավասարազոր է լինելու հակառակը՝ նոր մարդու, նոր հասարակության ձևավորման անկասելի գործընթացին անիմաստ դիմադրությունը, ազգային ինքնության հետ այդ գործընթացի փոխադարձ ադապտացիայի միջավայր ձևավորելու և խնդիրը առաջ տանելու փոխարեն: Այդպիսով, ՏՏ Համաշխարհային կոնգրեսը, որ տեղի ունեցավ Հայաստանում, լոկ հնչեղ իրադարձություն չէր, որի պատիվն ընձեռվել էր Հայաստանին: Դա գործնականում Հայաստանի և, թերևս, հայության ազգային-պետական առերեսումն էր ապագայի լրջագույն դիլեմայի հետ, որի առաջացրած մեծ հարցերը պետք է պատասխան ստանան համահայկական կյանքի հանրային, տնտեսական, քաղաքական միջավայրերում, և, խոշոր հաշվով, այդ պատասխաններով պետք է ձևավորվի հայկական նոր էլիտան: