Ավարտվեց Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հավաստմամբ՝ հյուրերը մեծ գնահատանքի են արժանացրել հայ գործընկերներին. «Նրանց սպասելիքները մեծ են, ակնկալում են, որ թե՛ կրթական, թե՛ տեխնոլոգիական, թե՛ բարձր տեխնոլոգիական ոլորտներում մենք իրենց օգնենք զարգանալ՝ հատկապես այն երկրների ներկայացուցիչները, որոնց առաջնահերթություններից է տեխնոլոգիական զարգացումը, տեխնոպարկերի և ինժեներական քաղաքների կառուցումը: Մենք առիթներ ստեղծեցինք ներկայացնելու մեր քիչ-թե շատ ավելի զարգացած ստարտափները, հանդիպումներ եղան մեծ ներդրողների հետ, և նրանք տպավորված էին: Նրանք մեծ պոտենցիալ տեսան մեր երկրում, պատրաստի լուծումներ ներկայացվեցին, և տեսան, որ կարող են իրենց երկրում մեր փորձը ներդնել: Մենք կարող ենք ակնկալիքներ ունենալ և՛ ներդրումների, և՛ արտահանման առումով»:
Հակոբ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նաև ընդգծեց, որ Հայաստանն արդեն իսկ տեխնոլոգիաներ արտահանող երկիր է, սակայն ծավալները կմեծանան. Հայաստանում արտադրված տեխնոլոգիական արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա, եվրասիական շուկա, ավելի քիչ՝ նաև ասիական և արաբական շուկա»: Նախարարի խոսքով՝ համաժողովի շրջանակներում Առաջատար տեխնոլոգիաների ասոցիացիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել մի շարք երկրների հետ:
Դիջիթեյնը համաշխարհային միջոցառման շրջանակում ազդարարել է խոշորամասշտաբ ծրագրի մեկնարկը: Դիջիթեյնը ստարտափների համար քաղաք է կառուցում քաղաքի մեջ՝ Երևանում: «Դա նշանակում է, որ այս ոլորտն այնքան արագ է զարգանում, որ նոր որակի ենթակառուցվածքներ են պետք: Արդեն ներդրողներ կան և կան մեծ թվով հետաքրքրվողներ: Այա ամենը վկայում է ոլորտի առաջանցիկ տեմպերով զարգացման մասին, ինչն ուրախալի է»,- նշեց Հ. Արշակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: