ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածել է, թե ինչպես կարող է ստուգել Սպիտակ տան բոլոր աշխատակիցներին՝ գաղտնի տեղեկություններ տարածողների ինքնությունը պարզելու համար: Այդ մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ինչպես նշում է պարբերականը՝ ԱՄՆ նախագահը ցանկանում է պոլիգրաֆ սարքի միջոցով պարզել, թե սպիտակ տան որ աշխատակիցն է տարածել փակ ինֆորմացիան:
Թրամփին համակել է ստի դետեկտորի գաղափարը ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների միջև զրույցի մանրամասների արտահոսքից հետո:
Աղբյուրները պատմել են, որ Թրամփն ամեն անգամ զայրացել է, երբ իմացել է, որ տեղեկությունների արտահոսք է տեղի ունեցել: Նա մշտապես պնդել է պոլիգրաֆ սարքի միջոցով ստուգումներ անցկացնելու մասին:
«Նա ցանկանում է պոլիգրաֆով ստուգել շենքում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի, որպեսզի պարզի, թե ով է շփվել մամուլի հետ»,- ճշտել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքերով՝ Սպիտակ տան որոշ աշխատակիցներ իրենք են ցանկություն հայտնել ստի դետեկտորով ստուգվելու, որպեսզի ապացուցեն իրենց անմեղությունն այն բանից հետո, երբ իրենց մեղադրել են լուրերի արտահոսքի համար: