ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական այսօրվա նիստի ժամանակ պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ: Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց՝ երկու երիտասարդներ՝ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորված են՝ դատավորի տված հաղորդման հիման վրա:
Խուդոյանը հիշեցրեց՝ այս դեպքին նախորդել են այլ նմանատիպ դեպքեր՝ դատավորի, ՍԴ անդամի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, սակայն այդ դեպքերում չի տրվել գնահատական:
«Ձեր հաղորդման հիման վրա նրանք կալանավորված են: Մենք տեսնում ենք հստակ խտրական վերաբերմունք, այդ անձինք քաղբանտարկյալ են: Քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց Ձեր անձի շուրջ: Հորդորում ենք այսուհետև հետևողական լինել քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում, իրականացնել արդարադատություն»,- ասաց պաշտպանը: