Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ խաչվում են քաղաքակրթություններ և շահեր. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ սերբական «Politika» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է հայ-սերբական հարաբերությունների, հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու դժվարությունների և այլնի մասին:

Հարց- Սերբիան պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրասիական միության հետ և այդ պատճառով արդեն իսկ ԵՄ կողմից քննադատության է արժանանում: Հայաստանը Եվրասիական միության կազմում է, սակայն կապեր է հաստատում աշխարհի մյուս բևեռների հետ: Ինչպե՞ս եք կարողանում հավասարակշռել հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Նախագահ Սարգսյան– Հայաստանն իսկապես գտնվում է յուրօրինակ աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ խաչվում են քաղաքակրթություններ և շահեր։ Հայաստանը կարողացել էր աշխարհի բևեռները հակադրելու փոխարեն հաջողությամբ ընդգծել դրանց ընդհանուր շահերը՝ հարաբերություններ կառուցելով և համագործակցելով տարբեր դերակատարների հետ: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են միջազգային կազմակերպություններում ու գործընթացներում ներգրավվածությունը խորացնելը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ համագործակցությունն ամրապնդելը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները լուծելն ու համագործակցության մթնոլորտ ստեղծելը: Հայաստանի արտաքին քաղաքական նպատակներից են միջազգային հանրության շրջանում Հայաստանի դիրքորոշումները հասկանալի դարձնելը և դրանց համար աջակցություն ապահովելը: Հայաստանը ցանկանում է հաստատել հարաբերություններ՝ հիմնված բաց սահմանների և գործընկերության վրա՝ մշտապես պատրաստ լինելով առողջ երկխոսության:

2015թ. անդամակցելով ԵԱՏՄ-ին, իսկ 2017թ. ԵՄ հետ ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Հայաստանը դարձել է եզակի կամուրջ այս երկուսի միջև: Սա լավագույնս կարող է օգտակար լինել թե մեզ, թե մեր բարեկամների ու գործընկերների համար։

Մենք սա բացատրել ենք երկու կողմի մեր գործընկերներին, և այս հարցում կարծես կա ընդհանուր ըմբռնում:

Հարց- Հայ բանաստեղծ և մշակութային ակտիվիստ Բաբկեն Սիմոնյանը սերբերին և հայերին անվանել է տառապանքի եղբայրներ: Նորին Սրբություն պատրիարք Իրինեյը, խոսելով Խորվաթիայում սերբերի ջարդերի մասին, ասել է, որ միայն հայերը, հրեաներն ու սերբերն են նմանօրինակ հետապնդումների ենթարկվել: Այս ամենն ունենալով պատմական հիշողության մեջ՝ ինչպե՞ս են հայերն ապրում այսօր:

Նախագահ Սարգսյան – Եթե Առաջին համաշխարհային պատերազմը փակված էջ է Եվրոպայի համար, այն բաց վերք է մնում հայերիս համար: Մեր կորուստը վիթխարի էր. այդ պատերազմի յուրաքանչյուր տասներորդ զոհը հայ էր: Բայց մարդկային կյանքերի կորստից անդին շատ ավելի մեծ էր պատմական Հայրենիքի կորուստը: Հայերը գրեթե ամբողջությամբ քշվեցին այն տարածքներից, որտեղ նրանք ապրել էին հազարամյակներով և ստեղծել յուրահատուկ քաղաքակրթություն: Առանց վերադարձի իրավունքի մեզնից խլվեցին մեր տները, կալվածքները, եկեղեցիները, դպրոցները, մեր ողջ ունեցվածքը: Հետագա տասնամյակների ընթացքում մեր իսկ հայրենիքում հետևողականորեն ոչնչացվեցին հայկական քաղաքակրթության հետքերը, այսօր այնտեղ մնացել են սոսկ հատուկենտ ավերակներ: Սփյուռքում ապրող հայերի համար, որոնց մեծ մասը 1915թ. ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, ինչպես նաև Հայաստանում ապրողներիս համար, դա խոր և անբուժելի տրավմա է և այդպիսին կմնա այնքան, քանի դեռ մարդկության դեմ այդ հանցագործությունը մնում է անպատիժ:

Սակայն մենք փյունիկի պես ենք՝ մոխրանում ու կրկին հառնում ենք, այդ պատճառով էլ գոյություն ունենք անհիշելի ժամանակներից մինչև այսօր: Վկան՝ մեր այսօրվա պատմությունը, առաջ շարժվելու, զարգանալու, մեր ինքնությանը հավատարիմ մնալու հաստատակամությունն է՝ ուր էլ լինենք՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս։

Նույնը՝ ձեր դեպքում. սերբ ժողովրդի կամքն ու ոգին եղել և մնում են ձեր հուսալի ապագայի գրավականը։

Հարց – Սերբ Մեծ Սուրբ և սերբական Սուրբ Սավա ուղղափառ եկեղեցու առաջին արքեպիսկոպոսը, որը 1218 թվականին առաջին անգամ այցելել է Հայաստան, տպավորվել է հայկական եկեղեցիներով ու վանքերով և հրավիրել հայ ճարտարապետներին ու շինարարներին Սերբիա՝ մասնակցելու սերբական վանքերի և եկեղեցիների կառուցմանը, ինչը և նրանք արել էին: Վանքերի քարերի վրա արված սերբերեն ու հայերեն գրառումները ևս վկայությունն են այն բանի, որ սերբերն ու հայերը 13-րդ դարից ի վեր փոխադարձ բարեկամություն են ունեցել: Քանի որ շատ սերբեր հայերին դիտարկում են որպես քրիստոնյա եղբայրներ՝ կարո՞ղ եք մեր ընթերցողներին ներկայացնել, թե ինչպես է հայ ժողովուրդն ընդունում նրանց որպես հեռավոր, բայց հոգևոր առումով մոտ ժողովուրդ:

Նախագահ Սարգսյան– Հոգևոր կապն ավելի զորեղ է, քան տարածքը՝ լինի հեռու, թե մոտիկ: Հակառակ պատմության վայրիվերումների, մեր հոգևոր եղբայրությունը դարերով անքակտելի է մնացել հույների, ռուսների, պարսիկների, վրացիների և այլ հավատակից ու ոչ հավատակից ժողովուրդների հետ: Հայերի ու սերբերի պարագայում էլ դրանք բավականին հին ու խորն են։ Բելգրադում և Սերբիայի այլ վայրերում ժամանակին եղել են հայկական եկեղեցիներ, որոնք ավելի ուշ՝ 18-րդ դարում ավերվել են թուրքերի կողմից: Այդ եկեղեցիները նաև գրչության կենտրոններ են եղել, որտեղ գրվել են հայկական ձեռագրեր: Բելգրադում 1688-ին գրված «Տաղարանը» այսօր գտնվում է Նյուրնբերգի ազգային գրադարանում:

Իրենց հերթին, սերբ շատ գրողներ ու գիտության գործիչներ, մասնավորապես սերբական գրական նոր լեզվի հիմնադիր Վուկ Կարաջիչը, իրենց գրքերը տպագրել են Վիեննայի հայկական Մխիթարյան միաբանության տպարանում, սերտ կապեր են հաստատել նրանց հետ: Մխիթարյան տպարանում է առաջին անգամ տպագրվել Վուկ Կարաջիչի հանրահայտ «Սերբական բառարանը» (1818թ.):

Այս կապերը խոր հետք են թողել երկու ժողովուրդների հիշողության մեջ: Այսօր մենք սերբերին իսկապես ընկալում ենք որպես եղբայրներ՝ ոչ միայն հավատի, այլեւ ճակատագրի:

Հոգևոր և պատմական կապերի պահպանումը մշտական ուշադրություն է պահանջում, այլապես դրանք մնում են սոսկ հիշողություն: Այսօր մենք անհրաժեշտություն ունենք միմյանց ավելի լավ ճանաչել: Դրա ամենակարճ ճանապարհը մշակութային և գիտակրթական փոխանակումներն են, տուրիզմի զարգացումը, որոնց մասին ես կխոսեմ իմ հանդիպումների ընթացքում:

Հարց- Դուք այս օրերին այցով Սերբիայում եք: Որո՞նք են լինելու մեր պետական այրերի հետ հանդիպումներում քննարկվելիք հիմնական թեմաները:

Նախագահ Սարգսյան – Մեր ժողովուրդների պատմական կապերը և մեր առջև կանգնած ընդհանուր մարտահրավերները պարտավորեցնում են նոր թափ հաղորդել հայ-սերբական համագործակցությանը և նոր մակարդակի բարձրացնել մեր բարեկամությունը։

Իմ այցը բավականին հագեցած է. նախագահ Վուչիչի հետ մենք հնարավորություն կունենանք քննարկել հարցերի լայն շրջանակ և ձեռք բերել պայմանավորվածություններ: Հանդիպելու եմ նաև վարչապետ Անա Բրնաբիչի և խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչի հետ, Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Այցելելու եմ Բելգրադի Գիտական-տեխնոլոգիական պարկ, Գիտությունների ակադեմիա և այլն: Հուսով եմ՝ այդ հանդիպումների ընթացքում կուրվագծվի տարբեր ոլորտներում հայ-սերբական համագործակցության հագեցած օրակարգ:

Հայաստանում դեռ խորհրդային տարիներից զարգացած էին գիտատեխնիկական ոլորտը, մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը: Այսօր մեր երկիրը տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարն է տարածաշրջանում: Քանի որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացած է նաև Սերբիայում, ես կարծում եմ, որ մեր օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի երկու երկրների համապատասխան ձեռնարկությունների միջև նոր տեխնոլոգիաների, մեծ քանակի տեղեկատվության կառավարման ծավալների ու արհեստական բանականության ոլորտներում համագործակցության սերտացումը:

Ես ձգտում եմ Հայաստանը դարձնել հանգույց արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների համար: Դրան է ուղղված նախագահական նոր նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագիրը։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել «Վաղվա թանգարան», գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, որոնց հետ նախապատրաստվում ենք համագործակցության փաստաթղթեր ստորագրել:

Այն աննախադեպ քաղաքական փոփոխությունների համատեքստում, որոնք կատարվեցին Հայաստանում ավելի քան մեկ տարի առաջ, և որոնք աշխարհում հայտնի են որպես թավշյա հեղափոխություն, ես համարում եմ, որ մեր երկրի կարևորագույն առավելությունը երիտասարդական ու նորարական ոգին է: Մեր երկիրն ունի ոգի, որը նայում է դեպի ապագա ու համոզված է, որ այն ավելի լավն է լինելու, քան նախկինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում