ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Վրաստանը կվերսկսեն օդային հաղորդակցությունը, երբ պարզ կդառնա, որ «ագրեսիվ ուղու» վերադարձ չի լինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ արդեն դրական փաստեր կան, օրինակ՝ Նյու Յորքում արտգործնախարարների մակարդակով ռուս-վրացական շփումները:
«Հիմա մենք պարզապես պետք է համբերատար լինենք և ամրագրենք այն պահը, որը հարմար կլինի օդային երթևեկությունը վերսկսելու համար»,- ասել է Պեսկովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ:
Ավելի վաղ Լավրովը հանդես էր եկել Վրաստանի հետ օդային երթևեկությունը վերականգնելու կոչով, որոնք ընդհատվել էին Վրաստանում հակառուսական ակցիաների սկսվելուց հետո: