Պարաշյուտով թռիչքի ժամանակ 22 ամերիկացի դեսանտային է տուժել ԱՄՆ Միսիսիպի նահանգում գտնվող Քեմփ-Շելբի բազայի մոտ:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի 25-րդ հետևակային դիվիզիայի պաշտոնական ներկայացուցիչ Էշլի Սենգստերին:
Դիվիզիոնի կազմում ընդգրկված 84 դեսանտայինների առջև խնդիր է դրված եղել գիշերային ժամերին պարաշյուտային թռիչքներ կատարել երեք ռազմական ինքնաթիռներից: Զինծառայողներից ոմանք առաջադրանքը կատարելու ժամանակ վայրէջք են կատարել նշված հրապարակից դուրս՝ ծառերի վրա, և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Տեղում բուժօգնություն են ստացել 15 դեսանտայիններ, ևս յոթը հոսպիտալացվել են:
Քեմփ-Շելբիում անցկացվում են տասնօրյա զորավարժություններ, որում ներգրավված են 650 զինծառայողներ: Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: