ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանի հետ համագործակցությունը խորացնել դաշինքին նրա հնարավոր անդամակցության նախապատրաստման շրջանակներում և ապահովել, որ Սև ծովը կայունության աղբյուր մնա տարածաշրջանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novsti-ն, հոկտեմբերի 3-ին Բաթումում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:
Հոկտեմբերի 3-ին Վրաստանում տեղի է ունենում Հյուսիսատլանտյան խորհրդի արտագնա նիստը: «Մեր այցը Վրաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի անփոփոխ հանձնառության ակնառու դրսեւորումն է: Դա նաև առիթ է՝ նշելու «ՆԱՏՕ-Վրաստան բովանդակային փաթեթի»՝ Վրաստանի անվտանգության ու պաշտպանության սեկտորի բարեփոխմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նախապատրաստմանը մեր աջակցության անկյունաքարի հնգամյակը»,- նիստի բացման ժամանակ Գյոթեմյուլլերի խոսքը մեջբերում է դաշինքի մամուլի ծառայությունը: