Թեհրանը կշարունակի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատումն այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել «հարկավոր արդյունքին»: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել ք Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Մենք կշարունակենք կրճատել միջուկային գործարքով պարտավորությունների կատարումը, մենք պետք է այդ գործընթացը շարունակենք ամենայն լրջությամբ, մինչև որ հասնենք «հարկավոր արդյունքին»,- ասել Է Խամենեին, որի խոսքը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:
Իրանի գերագույն ղեկավարը Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատարության հետ հանդիպմանը նաև նշել է ԱՄՆ-ի քաղաքականության ձախողվելու մասին՝ Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու հարցում: ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են վերջին տարում, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ գործարքից: Դրան ի պատասխան Իրանը նույնպես դադարեցրեց պայմանագրի մի շարք դրույթների կատարումը: Բացի այդ, ԱՄՆ-ը վերստին պատժամիջոցներ սահմանեց Իրանի իշխանությունների և ընկերությունների նկատմամբ: Գործարքի եվրոպացի մասնակիցները հայտարարել են համաձայնությունը պահպանելու անհրաժեշտության մասին։