Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հրաժարական ներկայացնելու փաստը հաստատեց անգամ վարչապետի օգնական Արամ Անանյանը՝ նշելով, որ Քոչարյանը ներկայացրել է նաև արձակուրդի դիմում, հետևաբար մարզպետի հրաժարականի դիմումը կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո՝ կառավարության նիստում: Բայց մարզպետը հավատացնում է, որ ինքը հրաժարականի դիմում չի ներկայացրել:
Լոռու մարզի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Սամվել Խալաթյանը այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ մարզպետն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը և հայտնել, որ 1 ամսով գնում է արձակուրդ:
«Նա հրաժարականի մասին աշխատողներին որևէ բան չի ասել, միայն ասաց, որ տարբեր տեսակի խոսակցություններ կան և նմանօրինակ բանահյուսություններին պետք չէ հավատալ: Ավելին՝ մեզ հորդորեց իր բացակայության ընթացքում ավելի եռանդուն աշխատել: Ինքը ևս խոստացավ, որ արձակուրդից վերադառնալուց հետո ավելի եռանդուն կաշխատի»,- ավելացրեց Սամվել Խալաթյանը: