Լուրեր
Սիրիայի իշխանությունները գոհունակությամբ են ընդունել ՀՀ-ի հումանիտար առաքելության խմբի աշխատանքը

Սիրիայում Հայաստանից մեկնած հումանիտար խումբը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ իրենք նոր են վերադարձել Սիրիայից: Կատարած այցի հիմնական նպատակն էր Սիրիայի տեղական իշխանություններին հանձնել Հայաստանի հումանիտար առաքելության կողմից ականազերծված և մաքրված մոտ 91 հազար քմ տարածքը: Այն գտնվում է Հալեպի նահանգի Ալ Հուսեյնի բնակավայրի մոտ:

«Հանձնումը ենթադրում է ընթացակարգ, որի համաձայն համայնքային և նահանգային իշխանությունների ներկայությամբ նախ նորից ստուգազննվում է տարածքը, որից հետո ստորագրվում է ընդունման և հանձնման ակտը: Մեծ գոհունակությամբ ընդունվեց մեր կատարած աշխատանքը: Իրենք շատ կարևորում են, որ Հայաստանն այսպիսի գործ է անում»,-ասաց Ռուբեն Առաքելյանը:

Ներկայում Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության խմբում կա մոտ 80 անդամ: Խումբն արդեն 3-րդ ականադաշտում է գործում: Բժիշկները նախկին 4-ի փոխարեն արդեն 5 հիվանդանոցում են աշխատում:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը նշեց, որ մեծ աջակցություն է ցուցաբերվում հատկապես երեխաներին:

«Մենք Սիրիայում գտնվելու օրերին հանդիպում ենք ունեցել ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ, եղավ համագործակցության շուրջ մի շարք հարցերի քննարկում: Մենք պարբերաբար նշում ենք, որ մեր մասնագետները, բացի ականազերծումից, բժշկական աջակցությունից սկսել են իրականացնել նաև իրազեկման դասընթացներ: Հիմա ծրագրում ենք այդ դասընթացների շրջանակը ընդլայնել»,- ասաց Նազելի Էլբակյանը:

  • Դիտումներ՝ *