Ավստրիական ազգային կուսակցության առաջնորդ, երկրի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Ավստրիայի նախկին կանցլերը գերազանցել է իր մրցակիցներին՝ ստանալով հնարավորություն ձեւավորել կոալիցիա խորհրդարանում պորտֆելներ ստացած կուսակցություններից մեկի հետ:
Կուրցի կուսակցությանը հաջորդում են սոցիալ-դեմոկրատները, որոնք հավաքել են ընտրողների ձայների 21.8 տոկոսը, իսկ երրորդ տեղում է «կանաչների» կուսակցությունը ձայների 14.1 տոկոսով:
Ավելի վաղ Կուրցը հայտարարել էր, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում նա կզրուցի բոլոր կուսակցությունների հետ:
Կոալիցիայում դերակատարման համար ամենահավանական թեկնածուներից են նախկին կոալիցիոն Ավստրիական ազատության կուսակցությունը, «Նոր Ավստրիա եւ Լիբերալ ֆորում» կուսակցությունն ու «Կանաչները»:
Ընթացիկ տարվա մայիսի վերջում Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը հաստատել էր երկրի կառավարության հրաժարականը Կուրցի գլխավորությամբ:
Ավստրիայի կառավարությունում փոփոխությունները տեղի էին ունեցել, երբ մայիսի 27-ին Ազգային խորհուրդը (խորհրդարանի ներքին պալատ) անվստահության քվե էր ներկայացրել Սեբաստիան Կուրցի կառավարությանը կառավարական ճգնաժամի առնչությամբ նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի հնչեղ հրաժարականի ֆոնին: Այդ ժամանակ Կուրցն Ավստրիայի ամենակարճ կառավարած կանցլերն էր. նա երկրի ղեկին էր 2017-2019 թվականներին 525 օրվա ընթացքում եւ գերազանցել էր նախկին կանցլեր Քրիստիան Քերնի հակառեկորդը, որի լիազորությունները տեւել են 580 օր 2016-2017 թվականներին: