Բրիտանական խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները քննարկում են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի իմպիչմենտի գործընթացը սկսելու հնարավորությունը, հաղորդում է The Sunday Times-ը:
Պարբերականի տվյալներով, նախաձեռնությամբ հանդես են եկել Ուելսի կուսակցությունից խորհրդարանականները, երբ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել խորհրդարանի աշխատանքները մինչև հոկտեմբերի 14-ը դադարեցնելու մասին Ջոնսոնի որոշումը:
Նախաձեռնությունը կարող է ներկայացվել քննարկման հաջորդ շաբաթվա սկզբին, նշում է պարբերականը: Համայնքների պալատի կողմից հաստատվելու դեպքում,վարչապետի դեմ կարող է դատական գործ հարուցվել: Իմպիչմենտից բացի, հաշվի են առնվում նաև ավելի մեղմ տարբերակները: Դրանց թվում են կարգապահական գործողությունները, խորհրդարան հաճախելու արգելքը և աշխատավարձի կրճատումը: