Սաուդյան Արաբիայի Թագավորությունը հայտարարել է նոր վիզային ռեժիմի գործարկման մասին, համաձայն որի, այժմ զբոսաշրջիկները կարող են այցելել երկիր, հաղորդում է Reuters-ը:
Նոր վիզային ռեժիմն ուժի մեջ է մտել ուրբաթ, սեպտեմբերի 27-ին: Դրա շնորհիվ 49 պետությունների բնակիչներ հնարավորություն կունենան տեսնել մուսուլմանական թագավորությունը: Զբոսաշրջային վիզայի արժեքը կկազմի 80 դոլար և այն հասանելի կլինի նույնիսկ միայնակ կանանց համար:
Զբոսաշրջության ազգային հանձնաժողովի ղեկավար Ահմեդ ալ-Խաթիբը պարզաբանել է, որ օտարերկրա կին զբոսաշրջիկների համար պարտադիր չէ աբայա կրելը, սակայն նրանք պարտավոր են համեստ հագուստ կրել, այդ թվում՝ հանրային լողափներում:
Նշվում է, որ մուսուլմանական սրբավայրերի մուտքը, ինչպիսիք են Մեքքա և Մեդինա քաղաքները, սահմանափակ կլինի:
Սաուդյան Արաբիայի վիզային ցուցակի մեջ ընդգրկված երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ: Սակայն, ալ-Խաթիբը հստակեցրել է, որ դրանց թվում, առաջին հերթին, Միացյալ Նահանգներն են, Չինաստանը, Ճապոնիան և եվրոպական որոշ երկրներ: