Աշխատակիցների հեռահար աշխատանքի գլխավոր առավելությունները գործատուները համարում են աշխարհի ցանկացած կետում մասնագետ վարձելու հնարավորությունը (43 տոկոս) և խնայողությունը աշխատատեղերի վարձակալման հարցում (35 տոկոս)՝ տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով «Բիտրիկս24» վերլուծական կենտրոնի տվյալներին։
Աշխատակիցների համար գլխավոր առավելությունն են խնայողությունները ուղեվարձի և օֆիսում սնվելու հարցում։
Միևնույն ժամանակ, գործատուները խոստովանել են, որ հեռահար աշխատանքի դեպքում իրենց համար ավելի դժվար է վերահսկել աշխատակիցներին։ Մինուսներից են նաև ցածր ներգրավվածությունը և տվյալների արտահոսքի մեծ հավանականությունը։
Հարցման ենթարկված գործատուների 32 տոկոսը մտադրություն ունի հեռահար աշխատանքի վարձել ծրագրավորողների, 18 տոկոսը՝ դիզայներների, 14 տոկոսը՝ մարքեթինգի, 10 տոկոսը՝ ֆինանսների և հաշվապահության ոլորտի մասնագետների։
Հեռահար աշխատակիցների աշխատանքի որակից գոհ է եղել հարցման ենթարկվածների 72 տոկոսը։