«Այս փուլում ավելի կարևոր է դրամի փոխարժեքի կայունությունը: Ընդամենը մեկ տարի առաջ աղմուկ էր բարձրացվել, թե հիմա ուր որ է դրամը պայթելու է, կարժեզրկվի, որ մեկ դոլարը կարող է հազար դրամ արժենալ, բայց ԿԲ-ն մեծ ջանքեր է ծախսում դրամի էլ ավելի արժևորումը կանխելու համար: Արտարժույթի հոսքը դեպի Հայաստան շատ մեծ է, և դա ճնշում է դրամի փոխարժեքի վրա դեպի նվազեցում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով դրամը գերարժևորմանը:
Նրա խոսքով՝ եթե այսօր ԿԲ-ն իր գործիքակազմն ինտենսիվորեն չօգտագործի, այսօր մեկ դոլարը կարող էր արժենալ 380-400 դրամ: Այս փուլում,պատգամավորի խոսքով, նախապատվությունը տրվում է դրամի փոխարժեքի կայունացմանը: