
ԱՄՆ նախկին փոխնախագահ, ներկայումս Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի 2020 թվականի ընտրության հավակնորդներից մեկը և, ընդ որում, հաղթելու ամենամեծ հավանականություն և գործող նախագահին լուրջ մրցակցություն ներկայացնելու հավակնորդ Ջո Բայդենը նամակ է հղել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին: Այդ նամակում նա խոսում է հայերի Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը մեկընդմիշտ հաստատելու մասին: Ջո Բայդենը եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի փոխնախագահը: Օբաման ԱՄՆ այն նախագահներից էր, որն իր ընտրական արշավում հայկական համայնքին խոստացել էր Ցեղասպանության ճանաչում, սակայն հետագայում չի կատարել խոստումը:
Իրական քաղաքականության ռեժիմի և խնդրո առարկայի վերաբերյալ մենք շատ առիթներ ենք ունեցել մեր ընթերցողների հետ զրուցելու և, այսպես ասած, «աշխարհից նեղանալու» պրակտիկայից դուրս գալու համար: Կան շահեր, խնդիրներ, ըստ այդմ՝ պետք է սովորել աշխատել՝ «նեղանալու» փոխարեն: Դրա համար պարզապես պետք է փորձել հասկանալ այդ շահերն ու խնդիրները՝ արդյունավետ աշխատելու համար:
Ակնառու է, որ Ջո Բայդենին էլ անհրաժեշտ են հայերի ձայներն ու աջակցությունը: Սակայն այստեղ անշուշտ խնդիրը միայն հայերը չեն, որովհետև պետք չէ բացառել, որ նախագահ Թրամփին ձեռնոց նետող գործիչը կարող է իր հայկական դիրքորոշումը դարձնել նաև թուրքական, ինչու ոչ՝ հրեական լոբբինգի ներկայացուցիչների հետ աշխատանքի կամ քննարկումների որոշակի առարկա:
Հարցերը պետք է դիտարկել բազմաշերտ՝ առավել ևս նկատի ունենալով, թե ինչ էր հայտարարել նույն Ջո Բայդենը մի քանի տարի առաջ՝ պատասխանելով իրեն մոտեցած հայ երիտասարդներից մեկի հարցին, որը հայտնվել էր համացանցում: Ցեղասպանության ճանաչման մասին հարցին ի պատասխան՝ Բայդենը, որ դեռ փոխնախագահ էր, ասել էր, թե Սերժ Սարգսյանն է ֆուտբոլային դիվանագիտության շրջանում իրենց խնդրել, որ չանեն այդպիսի քայլեր՝ հայ-թուրքական գործընթացին չվնասելու համար: Թե հատկապես ինչ ու ինչպես է ասել Սերժ Սարգսյանը Բայդենին կամ ամերիկյան վարչակազմին՝ մնաց չմանրամասնված, իսկ թե ուր մնաց ֆուտբոլային դիվանագիտությունը՝ ևս հայտնի է:
Այժմ Ջո Բայդենը դարձյալ օրակարգ է բերում հայերի Ցեղասպանության ճանաչման թեման, և այստեղ շատ կարևոր է, որ հայերը այն օգտագործեն առավել արդյունավետ, քան նախկին բոլոր փորձերը: Ի վերջո՝ հրաժարվել դրանից ոչ միայն չենք կարող, այլ նաև կլինի անմտություն: Սակայն նույնքան վատ կլինի ամեն անգամ կանգնել նույն փոցխին:
Ի դեպ, Բայդենի առումով հետաքրքիր է նախագահ Սարգսյանի մեկ այլ դրվագ կամ, ավելի շուտ, մեկ այլ նախագահ Սարգսյանի: 2019-ի հունվարին Ջո Բայդենի հետ միջանցիկ զրույց ունեցավ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Դավոսի տնտեսական միջազգային համաժողովի սրահներում: Արմեն Սարգսյանը շատ ցածր զրուցել էր Բայդենի հետ՝ ողջունելով նրան: Տեսախցիկները արձանագրել էին Բայդենի այցեքարտի փոխանցումը Հայաստանի նախագահին, միաժամանակ նաև Հայաստանի նախագահի հարցը նրան՝ արդյոք կայացրե՞լ է նախագահի թեկնածու առաջադրվելու վերջնական որոշում: Բայդենի պատասխանն այդ պահին չէին արձանագրել, բայց հետո իհարկե պարզ դարձավ, որ նա ունի այդ որոշումն ու հայտարարեց այդ մասին:
Հատկանշական է, որ Բայդենի՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակը զուգորդվում է Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ այցի հետ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի առիթով: Երևանին անհրաժեշտ է ԱՄՆ հետ ռազմավարական երկխոսության և նոր օրակարգի ձևավորման խնդիրը, այսպես ասած, դիվերսիֆիկացնել՝ չծանրացնելով լոկ վարչակազմի ուղղությամբ, թեև այստեղ անշուշտ առանցքային ուղղությունը պետք է լինի այն: Այդուհանդերձ, ԱՄՆ քաղաքական համակարգի կառուցվածքը, տրամաբանությունն ու քաղաքական մշակույթի արդիականությունը տալիս են այդ դիվերսիֆիկացիայի մեծ հնարավորությունը, որը պետք է օգտագործել հատկապես ԱՄՆ նախագահի ընտրության շրջանում: