Լոնդոնի բարձրագույն դատարանը երեքշաբթի օրը կորոշի՝ արդյոք հիմքե՞ր կան, որպեսզի Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնեն շվեդական արդարադատությանը: Լսումները կտևեն երկու օր: Սա Ասանժի բողոքի լսումներն են: Եթե այս անգամ էլ դատարանը որոշի, որ հիմքեր կան Ասանժին Շվեդիա ուղարկելու համար, ապա Wikileaks-ի հիմնադիրը կունենա բողոքարկելու ևս մեկ ատյան՝ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը:
Ասանժը մտահոգություն ունի, որ եթե իրեն արտահանձնեն Շվեդիային, ապա բռնաբարության համար առաջադրված մեղադրանքների դատական լսումները տեղի կունենան փակ ռեժիմում, իսկ արդյունքում իրեն կփոխանցեն ԱՄՆ արդարադատությանը, որտեղ նրան կարող է սպառնալ մահապատիժ, քանի որ վերջինս հրապարակել է ամերիկյան դիվանագիտության բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր: