«Կարծում եմ, որ այս հայտարարությունը չպետք է մեզ անակնկալի բերի, նորություն չէ, երբ Բաքուն փորձում է հայտարարություններով հանդես գալ և հոգեբանական ճնշում գործադրել: Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան նոր իշխանությունները այլևս չեն բավարարվում միայն խաղաղատենչ հայտարարություններով և կոչերով, մեր հռետորաբանությունը փոխվել է, մենք ևս կանխարգելիչ հարվածներ ենք հասցնում, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ հռետորաբանության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» արտահայտությանը, ասել է՝ «մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում»։
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն իր հերթին ասաց, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի հավանականություն միշտ էլ կա, բնականաբար հայկական կողմը որևէ պահի զգոնություն թուլացնելու իրավունք չունի: «Թեկուզ այն հանգամանքը, որ օրեր անց մեկնարկելու է երևի թե Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ զորավարժություններից մեկը, ևս վկայում է այն մասին, որ հայկական կողմը հստակ քայլեր է ձեռնարկում ռազմական կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչը բավական կարևոր է: Բավական կարևոր է նաև, որ նման հայտարարությունները պատշաճ գնահատական ստանան համանախագահների կողմից: Երբ կա պատերազմի, ուժի սպառնալիք, պետք է գնահատական տալ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: