Արդեն հայտնի է, որ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը մնալու է անազատության մեջ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ խափանման միջոցը փոխելու հիմք էր հանդիսացել Սահմանադրական դատարանի որոշումը․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Անկախ դատավոր» իրավապաշտպան փաստաբանական գրասենյակի նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանը պատասխանեց․ «Իրավական առումով՝ նորմալ, ու ինձ համար սպասված, որովհետև, ցավոք սրտի, հերթական անգամ պետք է շեշտենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը ոչինչ չասող որոշում էր՝ այն ոչ մի իրավական հետևանք չէր առաջացնում։ Այսինքն՝ մեծ ցանկության դեպքում էլ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է դատարանն այդ որոշումը կիրառելով փոխեր խափանման միջոցը։
Ինչո՞ւ։ Մի պարզ ձևակերպմամբ, թեև շատ ենք խոսել։ Անձեռնմխելիությունը, որի բացի պահով Սահմանադրական դատարանը 35-րդ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական, քրեական հետապնդումը բացառող հանգամանք չի և չի կարող լինել, որովհետև անձեռնմխելիությունը քրեական հետապնդումը հետաձգող, այսպես ասած՝ կասեցման հիմք է։ Այսինքն՝ չի կարող նույն հիմքը լինել համ քրեական վարույթը կասեցնելու, համ էլ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք։ 31-րդ հոդվածում գրված է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է գործի վարույթը կասեցնել, եթե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից։
Մենք պրակտիկայում շատ լավ գիտենք։ Օրինակ՝ պատգամավորի մասով քննիչը դիմում է Ազգային ժողով, որպեսզի տան համաձայնություն նրան անձեռնմխելիությունից զրկելու։ Եթե Ազգային ժողովը տալիս է համաձայնություն, ապա քրեական հետապնդումն իրականացվում է, իսկ եթե չի տալիս՝ պատգամավորը գնում է աշխատանքի, և գործը մնում է կասեցված՝ մինչև դադարի պատգամավոր լինել։ Հենց պատգամավորի կարգավիճակը դադարի՝ կորցնի անձեռնմխելիությունը, գործի վարույթը պետք է շարունակվի։ Չնայած նշեմ, որ պրակտիկայում նման բան չի եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։