Լուրեր
Վանեցյանի հայտարարությունը պայմանավորվածությունների խախտում է․ նոր զարգացումներ են սպասվում
  • 13:00
  • 2019-09-19
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

Անդրադառնանք ամենաքննարկվող թեմաներին. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այլևս չի պաշտոնավարում, և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հաջորդեց նրան ու հեռացավ: Վարչապետ Փաշինայնը առիթներ ունեցել է Վանեցյանի ծառայություններից հրաժարվել (հիշենք ԱԱԾ-ի հետ կապված պատմությունները՝ գաղտնալսման հրապարակումը, փաստաղթերի անհետացումը և այլն), բայց չի գնացել դրան: Կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանության ներսում լուրջ տրանսֆորմացիաներ են:

-Չգիեմ: Նախ՝ անսպասելի էր Վանեցյանի հրաժարականը: Գաղտնալսումը, փաստաթղթերի անհետանալը, նաև Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունը ես տապալում եմ համարում… Ես մտածեցի, որ այդ բոլորը կուտակվեց և վեճ առաջացավ իշխանության ներսում: Բայց երբ որ անմիջապես եղավ նաև երկրորդ հրաժարականը, սկսում ես մտածել, որ այլ երևույթի հետ գործ ունենք:

Ի՞նչ երևույթի:

-Սկսած նրանից, որ միգուցե ինչ-որ դավադրություն է բացահատվել՝ ռևանշի փորձի հետ կապված, բայց սա ենթադրությունների ոլորտից է, և վերջացրած մի շատ պոզիտիվ ենթադրությամբ, որ միգուցե իշխանությունը որոշել է արմատական փոփոխություններ անել նաև այդ ոլորտներում: Եթե երկրորդը լինի, ապա միանշանակ կողջունեմ, որովհետև ԱԱԾ-ն նախկին ККБ-ն է և զբաղվում է նաև իրեն ոչ բնորոշ գործունեությամբ, և այս առիթը գուցե իշխանություններն օգտագործեն և վերացնեն ԱԱԾ-ն… Չեմ բացառում, որ ուրիշ տարբերակներ կան, և շուտով կիմանանք այդ մասին:

-Իսկ հնարվո՞ր է դիտարկել նաև երրորդ տարբերակը: Ա. Վանեցյանի հեռանալու տեքստը միանշանակ չընունվեց, վերջինս խոսում էր տարերայնությունից և կանգ առնելու կոչ էր անում: Սա կարո՞ղ է նշանակել, որ հեղափոխական թիմը փորձում է ձերբազատվել նախկին համակարգի որոշ ներկայացուցիչնրից, ովքեր նոր Հայաստանի առաջնագծում են հայտնվել:

-Ես ուրիշ երանագներ նկատեցի, եթե հիշում եք ապագայի հետ կապված, ուսադիրների, սպայի պատվի մասին էր խոսում, այսինքն՝ Վանեցյանն ակնարկում էր ապագա զարգացումների մասին: Կարող ենք ենթադրել, որ իշխանությունները փորձում են գնալ երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու ճանապարհով, իսկ պարոն Վանեցյանն այդտեղ մեծ վտանգներ է տեսնում և կանգ առնելու կոչեր է անում:

Դուք ակնարկում եք Ռուսաստանի մասի՞ն:

-Այո: Եթե հիշում եք սկանդալային հեռախոսային խոսակցության մեջ Վանեցյանն անհանգստություն էր հայտնում՝ իր մոսկովյանի կոլեգաների հետ կապված, դա երևի բնական է, ռուսաստանցի իր կոլեգաների հետ այդ կապը շատ սերտ է եղել, և որպես ККБ նախկին աշխատող, կարելի է ենթադրել, որ այն կողմի անհանգստությունները, որպես իր երկրի նկատմամբ ռեալ վտանգ կարող է ընկալել և ներկայացնել դա՝ կոչ անելով՝ կա՛նգ առեք, ո՞ւր եք գնում: Հուսանք, որ այդպես է, բայց այդ դեպքում դրականն այն է, որ իշխանություններն ուրեմն ինչ-որ քայլեր անում են ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու համար:

Եթե այդ դիտանկյունից ենք նայում, նշանակում է, որ Փաշինյանը, Փաշինյանի իշխանությունն ուժեղ է՝ թե՛ արտաքին հարցերով, թե՛ ներիշխանական զարգացումների կամ վերադասավորումների առումով իրեն ամուր է զգում:

-Ես այսպես կասեի՝ համաձայն չէ հավելյալ զիջումների գնալու: Ես կտրուկ քայլեր չեմ տեսնում արտաքին քաղաքականության ոլորտում:

Ա. Վանեցյանի հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ դե ֆակտո նա արդեն մտել է քաղաքականության մեջ: Նա կարո՞ղ է դառնալ քաղաքական ֆիգուր, չէ՞ որ դրա համար պետք է ունենալ նաև սոցիալական բազա:

-Շատ կարևոր է ունենալ սոցիալական բազա և հասարակության իղձերը ներկայացնելու, առաջնորդելու ունակություն: Մի հայտարարությունով, որքան էլ գեղեցիկ տեքստ լինի, քաղաքական գործիչ չեն դառնում, մանավանդ եթե ККБ -ականի հետագիծ ունես: Չի բացառվում, որ այդպիսի փորձեր արվեն: Բայց նույնիսկ Ռ. Քոչարյանը, որ ինքնակոչ նախագահ եղավ 10 տարի և վատ թե լավ ուներ նաև պատերազմի մասնակցության անցյալ, նույնիսկ նա քաղաքական գործիչ այդպես էլ չդարձավ…, պարզապես բարձրաստիճան թալանչիի դերում է:

-Քաղաքականության մեջ հնարավո՞ր է Վանեցյանը ներկայանա ոչ անմիջականորեն իր դեմքով, այլ միջնորդավորված ձևով: Ո՞ր ուղղությամբ կարող է գնալ ներքաղաքական քարտեզագրումը՝ նկատի ունենալով նաև այն, որ Վանեցյանը տիրապետում է ինֆորմացիայի, գործակցել է նոր իշխանության հետ ավելի քան մեկ տարի…

-Ես որքան հասկանում եմ, ինչ-որ պայմանավորվածություն էր եղել, որ պարոն Վանեցյանը հեռանա և մեր երկրի ֆուտբոլային հաջողություններով զբաղվի: Ինձ թվում է՝ նրա հայտարարությունը պայմանավորվածությունների խախտում է, իսկ թե ինչի հետևանք է դա, չեմ կարող ասել, անձամբ չեմ ճանաչում նրան, կարող է ինչ-որ ամբիցիաներ ունենալ, բայց իր ֆիգուրն այդքան բարձրացնելը ես չեմ հասկանում. նա ո՛չ այլ ազդեցիկ ուժերի ձեռքին խաղալիք կարող է դառնալ, ո՛չ էլ ինքը կարող է ազդեցիկ ֆիգուր դառնալ: Միայն այն, որ նա տնտեսական գաղտնիքների է տիրապետում, շատ քիչ է, բավարար չէ, իսկ ներքին, արտաքին հետախուզության հետ կապված տեղեկությունները որպես խաղաքարտ ներքին քաղաքականության մեջ չես կարող օգտագործել: Մնում են կոմպրոմատները, բայց ես չեմ կարծում, որ նոր իշխանությունների նկատմամբ նա կարող է ինչ-որ լուրջ կոմպրոմատներ ունենալ, որովհետև այդպիսի գործունեություն էլ չկա, Դավիթ Սանասարյանի դեպքը ձեզ փաստարկ, որը, փաստորեն, իր տապալումն էր:

-Ձեզ մոտ կա՞ դեժավյու, նկատի ունեմ այն, որ ՀՀՇ-ի ժամանակ որոշ խմբեր անջատվում և փորձում էին որպես առանձին միավորներ, առանձին քաղաքական ուժեր հանդես գալ:

-Երկրի քաղաքական պատմությունը, ինչպես նաև մյուս երկրների, ցույց է տալիս, որ և՛ վերախմբավորումներ և դավաճանություններ լինում են, զարմանալու բան չկա: Հիմա մեզ մոտ հեղափոխական սպեցիֆիկա է, դեռ կա ոգևորություն, արդեն կա նաև հիասթափություն, և, ինչպես տեսնում ենք, արվում են քայլեր, որոնք նոր հույսեր են արթնացնում, որ ռեֆորմներ կարող են լինել: Ինձ մոտ էլ են այդպիսի հույսեր առաջացել:

 

 

  • Դիտումներ՝ *