Հնդկաստանի ֆինանսների և կորպորացիաների գործերի նախարար Նիրմալա Սիթարամանը հայտարարել է երկրի տարածքում էլեկտրոնային ծխախոտների արգելման մասին: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է Hindustan Times թերթը:
«Արգելված են էլեկտրոնային ծխախոտների արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, փոխադրումը, պահպանումը և դրանց հետ կապված գովազդը»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը:
Օգոստոսի 22-ին Հնդկաստանի առողջապահության նախարարությունն առաջարկել էր արգելել էլեկտրոնային ծխախոտների արտադրությունը, ներմուծումը և վաճառքը երկրի ամբողջ տարածքում և այդ արգելքը խախտելու համար պատիժ սահմանել ընդհուպ բանտարկություն:
Հնդկաստանում, որի բնակչությունը կազմում է 1,35 մլրդ մարդ, հաշվվում է 106 մլն չափահաս ծխող: Ծխախոտ օգտագործող մարդկանց թվաքանակով այս երկիրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո: Ավելի վաղ Հնդկաստանի 29 նահանգներից 16-ի և յոթ վարչական տարածքների իշխանությունները էլեկտրոնային ծխախոտների արգելք էին սահմանել։