Արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարություն է տարածել իր պաշտոնանկության կապակցությամբ՝ ասելով, սակայն, որ հրաժարականի պատճառների մասին կխոսի ավելի ուշ: Թե երբ՝ Օսիպյանը բնականաբար չի մանրամասնում, ինչն արդեն իսկ առաջացնում է հարցեր: Մասնավորապես՝ ինչո՞ւ ոչ հիմա, այլ ավելի ուշ, կամ՝ ինչո՞վ է պայմանավորված լինելու ավելի ուշ խոսելը, ի՞նչ հանգամանքով, կամ՝ կխոսի՞ ընդհանրապես, թե՞ ուշ խոսելն էլ, այսպես ասած, հարց է: Արդյոք Օսիպյանն ավելի ուշ է խոսելու, որովհետև այժմ չի՞ ուզում իր խոսքով ասոցացվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին, որը դարձավ և շարունակում է լինել աղմկոտ քննարկումների առարկա:
Բայց, մյուս կողմից, իր հրաժեշտի տեքստում նախկին ոստիկանապետը այդուհանդերձ ասոցացվում է Վանեցյանի տեքստի հետ՝ առնվազն սպայի պատվի մասին մի քանի հիշատակումներով՝ ստեղծելով տպավորություն կամ անելով ակնարկ, որ ինքն էլ հեռացել է, որովհետև այդպես է համարել պատվաբեր: Եվ ավելին՝ եթե Արթուր Վանեցյանը ուղիղ տեքստով էր իր հրաժարականի պատճառ նշել վարվող քաղաքականության հետ անհամատեղելիությունը, հայտնի ձևակերպումներով, որոնք առաջացրին կոնֆլիկտ վարչապետի հետ կամ բացահայտեցին այն, ապա Վալերի Օսիպյանի տեքստում ոչ ուղիղ, սակայն կա մի բավականին հատկանշական ձևակերպում: «Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն»:
Բանն այն է, որ Հայաստանի նոր իշխանությունը և մասնավորապես վարչապետ Փաշինյանը տարբեր ընդդիմախոսության են ենթարկվում հենց վճռականության, որոշում կայացնելու ոչ բավարար կարողության համար: Մի կողմ թողնենք, թե որքանով է այդ ընդդիմախոսությունն իրավացի, արդարացի, տեղին կամ համարժեք, որովհետև ի վերջո այստեղ գնահատման տիրույթը խիստ սուբյեկտիվ է:
Խնդիրը, սակայն, տվյալ պարագայում դա չէ, այլ այն, որ նախկին ոստիկանապետը իր հրաժեշտի տեքստում փաստացի կիրառում է այդ նուրբ տողատակ-ակնարկը՝ ուղիղ կոնֆլիկտի մեջ չմտնելով վարչապետի հետ, ինչպես արեց ԱԱԾ պետը, սակայն միևնույն ժամանակ անելով իսկապես բազմիմաստ ձևակերպում, այսպես ասած՝ «ընդդիմության տրենդային» ձևակերպում: