Լուրեր
Լուրջ հարված իշխանությանը․ ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը կարող են դառնալ առքուվաճառքի առարկա
  • 17:20
  • 2019-09-18
  • Դիտումներ՝ *

«Կարծում եմ՝ Վանեցյանի ազատումը պաշտոնից պետք է դիտարկել իշխանության առաջիկա քաղաքականության տրամաբանության մեջ: Վանեցյանի տեքստից դատելով՝ այդ տրամաբանությունի չի կիսել ԱԱԾ նախկին տնօրենը, ուստի բնական էր նրա հեռացումը: Սա նորմալ քաղաքական պրոցես է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը:

Անդրադառնալով նրա հրաժարականի տեքստին՝ վերլուծաբանն ասաց. «Եթե Վանեցյանը փորձում է մտնել քաղաքականություն, նա նաև պետք է ցույց տա, թե այդ տեքստի տողատակերում ինչ նկատի ունի: Եվ այդ տողատակերով պայմանավորված՝ նաև պետք է հասկանանք նրա քաղաքական դերակատարությունը առաջիկայում»:

Նժդեհ Հովսեփյանի խոսքով՝ Վանեցյանը պաշտոնից հեռանալով քաղաքական տեքստ է ասում. «Բայց կա նաև հարցի երկրորդ կողմը. ճի՞շտ է արդյոք, որ ԱԱԾ տնօրենը նման տեքստով հանդես գա: Նրա հայտարարությունը շատ ավելի խորն ու դաժան է. դրանով լուրջ հարված է հասցվել իշխանությանն ու առաջին դեմքին՝ հատկապես, երբ դա ասել է ԱԱԾ ղեկավարը»:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այստեղ որևէ սկանդալային բան չկա. «Մարդը ունի իր պատկերացումները՝ որպես սպա, որպես գեներալ, որպես ԱԱԾ տնօրեն, և որոշում է կայացրել հեռանալ այդ պաշտոնից: Եվ ես կարծում եմ, որ ինքը պատասխանատու է իր հայտարարությունների համար»:

Վանեցյանի հրաժարականի տեքստի մասին էլ միջազգայնագետը կարծիք հայտնեց, որ գուցե դա քաղաքական նրբերանգներ չի պարունակում, այլ զուտ անձնական կարծիք է. «Ոչ ոք չի կարող Վանեցյանի փոխարեն հայտարարել՝ նա մտնո՞ւմ է քաղաքականություն, թե՞ ոչ»:

Սուրեն Սարգսյանի համոզմամբ՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները չպետք է լինեն քաղաքական. «Այս պաշտոններում նշանակումը չպետք է քաղաքական գործընթացներ ենթադրի: ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը չպետք է լինեն քաղաքական գործիչներ, որովհետև դրանք մշտապես դառնալու են քաղաքական առքուվաճառքի առարկա»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *