ՀՀ Ոստիկանության պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: Վալերիյ Օսիպյան այսօր հրաժեշտ է տվել ոստիկաններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Քիչ առաջ ավարտվել է Ոստիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ։
«Պարոն Օսիպյանն այսօր շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար: Տեղեկացնեմ, որ ՀՀ Ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է Ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանի վրա: Օրենքով սահմանված կարգով Ոստիկանության պետը դիմում է գրել և ազատվել աշխատանքից: Պատճառների մասին չի խոսել, հրաժեշտ է տվել Ոստիկանության աշխատակիցներին: Պարոն Օսիպյանը ներկայացրել է մեկ տարվա կատարված աշխատանքը, այն համապետական միջոցառումները, որոնք եղել են ընտիր, և դուք դրա ականատեսն եք եղել»: