
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է աշխարհի առաջնության եզրափակիչին իր չմասնակցելուն:
«Անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու և դժվար պահին սատարելու համար: Շատ եմ ցավում, որ լուրջ վնասվածքը խանգարեց հաղթանակի բերկրանք պարգևել ձեզ: Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու»,-«Ֆեյսբուքի» իր էջում գրել է մարզիկը:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը պետք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ: Բայց նախօրեին ստացած վնասվածքի պատճառով ըմբիշը չի գոտեմարտի: Նա իր համար արդեն իսկ ապահովել է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
