Հումբոլդտի անվան Բեռլինի համալսարանը Google-ի և երեք այլ գերմանական համալսարանների հետ համատեղ հիմնադրել են գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին երկուշաբթի օրը՝ հուլիսի 11-ին, հայտնել է Associated Press գործակալությունը:
Google-ը որոշել է առաջին երեք տարվա համար գիտահետազոտական ինստիտուտին հատկացնել 6.41 մլն դոլար: Դրանից հետո Հումբոլդտի համալսարանը պետք է այլ հովանավորներ փնտրի: Բեռլինի ամենահին համալսարաններից մեկի նախագծով՝ նոր գիտահետազոտական ինստիտուտը պետք է ուսումնասիրի համացանցի զարգացման պատմությունը, նրա ազդեցությունը հասարակության, գիտության, քաղաքականության և տնտեսության վրա:
Գիտահետազոտական ինստիտուտը տեղակայվելու է իրավունքի ֆակուլտետի շենքում: Այն պաշտոնապես կբացվի հոկտեմբերի վերջին: Այդ ժամանակ աջակից-հովանավորները պլանավորում են Բեռլինում անցկացնել միջազգային սիմպոզիում՝ նվիրված նոր ինստիտուտի բացմանը: Առանձին ուշադրության են արժանանալու նորարարությունները, համացանցի և ԶԼՄ-ների քաղաքականությունը, իրավունքի փիլիսոփայությունն ու սահմանադրական իրավունքը: