Կամբոջիայում նոյեմբերի 25-ը հայտարարված է սգո օր: Երկրի մայրաքաղաք Պնոմպենում նոյեմբերի 22-ին՝ Ջրի փառատոնի ժամանակ, որին մասնակցում էին մի քանի տասնյակ հազար մարդ, տեղի ունեցել ողբերգություն, որի արդյունքում զոհվել է 350 մարդ: Փառատոնի ժամանակ մարդիկ անսպասելիորեն նետվել են դեպի մայրաքաղաքը Ադամանդե կղզու հետ կապող կամուրջը, ինչի արդյունքում նեղ տարածության վրա նրանք սկսել են կորցնել գիտակցությունը, առաջացել է հրմշտոց: 350 զոհերից մի մասը, հայտնվելով գետում, ջրասույզ է եղել:
Associated Press-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, երկրի վարչապետը հայտնել է, որ 31 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ տապալվել է կարմիր կխմերների կառավարությունը եւ զոհվել էին բազմաթիվ մարդիկ, սա ամենամեծ ողբերգությունն է կամբոջիացիների համար: Նա նաեւ ներողություն է խնդրել ողբերգության համար` ողջ պատասխանատվությունը վերցնելով կառավարության վրա: Նրա խոսքերով, անցկացվում է հատուկ քննություն:
Տեղեկացնենք, որ Ջրի փառատոնը տեղի է ունենում ամեն տարի Մեկոնգու գետի վրա եւ նվիրված է անձրեւների սեզոնի ավարտին: