
Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի հրաժարականը շատերի համար էր անսպասելի։ Վանեցյանն իր պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ ջարդեց ԱԱԾ-ի մասին հին պատկերացումները։ Ի տարբերություն իր նախորդների՝ նա կառավարության նիստերից հետո ազատ շփվում էր լրագրողների հետ, ընտրել էր բաց գործելաոճ, ժամանակ առ ժամանակ հաշվետու էր լինում հանրությանն իր կատարած աշխատանքների մասին, ուներ բարձր վարկանիշ։
Իր հրաժարականի տեքստում Արթուր Վանեցյանը, սակայն, քաղաքական շեշտադրումներ պարունակող հայտարարություն է արել։
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»,- նշել է Վանեցյանը:
Իսկ լրագրողների հետ հանդիպմանն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ինքն արդեն ստորագրել է Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։
Ինչո՞ւ հենց հիմա աշխատանքից ազատվեց Արթուր Վանեցյանը, երբ Երևանի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում լարված իրավիճակում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, ի՞նչ հնարավոր հակասություններ կարող էին լինել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի միջև։
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ուրեմն պահը հասունացել է, այդտեղ քննարկելու խնդիր չկա։
«Ինչից դրդված է արել՝ դժվար է հասկանալը, որովհետև այդ հայտարարությունից հնարավոր չէ հստակ եզրակացություն անել։ Նա ինչ-որ ակնարկներ է անում, որ հախուռն վճիռներ են կայացվել, ոչ ճիշտ որոշումներ են կայացվել։ Երևի խոսքը ստվերային վճիռների, որոշումների մասին է, որովհետև ես չեմ հիշում, որ Վանեցյանը կառավարությունում սկզբունքային անհամաձայնություն հայտնած լինի որևէ խնդրի վերաբերյալ։ Ուրեմն եթե ստվերային որոշումների մասին է խոսքը, լավ կլիներ, որ ինքը հստակ ասեր, թե ինքն ինչի հետ համաձայն չէ, առանց սպայի պատվի հետ կապելու։ Այդ տեքստում շատ էր բացարձակացված սպայի պատիվը, սովորական մարդիկ էլ պատիվ ունեն, միայն սպաները չէ, որ կարող են խոսել պատվի մասին։ Կարող է նաև շատ տրիվիալ պատճառ լինել։ Ես որքան հիշում եմ՝ պարոն Վանեցյանը հայտարարեց, որ եթե չկարողանա ապացուցել Դավիթ Սանասարյանի հետ կապված գործը, ապա ինքը հրաժարական կտա։ Ես որքան տեղեկացված եմ՝ այդ գործը սարքովի էր, փուչիկ դուրս եկավ, վերջերս էլ Սանասարյանը դիմել էր կարճելու համար, բայց համառորեն չեն ուզում կարճել։ Շատ հնարավոր է, որ ինքը պարզապես իր խոստումն է կատարում, կամ էլ փորձել է, այնուամենայնիվ, ինչ-ինչ մեթոդներով ապահովել այդ շինծու գործի հետագա ընթացքը, ինչի պատճառով էլ թիմում կարող է վեճ առաջացած լինել։ Բայց սրանք բոլորը ենթադրությունների ոլորտից են։ Ինչ վերաբերում է այն բանին, որ Արթուր Վանեցյանը բարձր վարկանիշ ուներ, հիմա էլ բարձր է վարկանիշը, ինչ-որ առումով հասարակությունը ողջունել է նրա գործունեությունը, հատկապես մեկնարկային վիճակում, երբ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ էր պայքարում։ Բայց այդ պայքարից էլ բավականին
հիասթափություններ առաջացան, երբ տեսանք, որ այդքան էլ արդյունավետ չէր գործում ԱԱԾ-ն»,- նշեց Կարապետ Ռուբինյանը։
ԱԺ նախկին փոխնախագահը հիշեցրեց, որ ԱԱԾ ղեկավարի հեռախոսի գաղտնալսումը կարելի է համարել խոշոր տապալում, դա աննախադեպ երևույթ էր, իսկ մինչ այժմ չեն գտնվել մեղավորները, չեն պատժվել։
Մեր դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանին կապում են նաև նախկին իշխանությունների հետ, գուցե դա՞ է հրաժարականի պատճառը, Կարապետ Ռուբինյանն արձագանքեց․ «Սկզբունքորեն բոլորս էլ առնչություն ունեցել ենք նախկինների հետ, քանի որ նույն ժամանակներում ենք ապրել։ Եթե խոսքը հանցավոր կապերի մասին է, ապա նման տեղեկություններ չունեմ։ Ինձ թվում է, որ ճիշտ կլինի այդ ամենը մեկնաբանեն այն մարդիկ, որոնք հեղափոխությունից հետո առնչվել, շփվել են Վանեցյանի հետ, որպեսզի հասկանանք, թե այդ հայտարարության գեղեցիկ տեքստի տակ ինչ է թաքնված իրականում»։
Արդեն շրջանառվում է այն լուրը, որ իշխանությունները ԱԱԾ պետի պաշտոնում ցանկանում են տեսնել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին։
«Վաղարշակ Հարությունյանի գաղափարական դիրքորոշումը, անսահման ռուսասիրությունը ինձ համար անընդունելի են, չէի ցանկանա, որ նման մտածողություն ունեցող մարդը նշանակվի ԱԱԾ տնօրեն։ Մնացածն արդեն իշխանությունների գործն է»,- ասաց մեր զրուցակիցը։