Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում արտահերթ ելույթ է ունեցել և անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշմանը, այն համարել ոչ լեգիտիմ, քանի որ մի քանի դատավոր իրավունք չունեին մասնակցելու գործի քննությանը, և հայտարարել է, որ խորհրդարանը պետք է անդրադառնա ՍԴ հարցի լուծմանը:
https://www.youtube.com/watch?v=7H9uy7dEQPo
Առաջացող հարցը նախ այն է, թե ԱԺ նախագահն ինչո՞ւ հանկարծ որոշեց բարձրացնել ՍԴ խնդիրը: Առավել ևս, որ խորհրդարանը մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանն աշխույժ արձագանքողների շարքում չէր: ԱԺ նախագահի ելույթը նշանակո՞ւմ է արդյոք, որ կառավարող ուժը կայացրել է դատական ռեֆորմի հարցին առնչվող քաղաքական որոշում:
Բանն այն է, որ հարցը մնացել էր առկախված վիճակում՝ այն բանից հետո, երբ դեռևս մայիսին Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց այդ ուղղությամբ կտրուկ գործողություններ, հայտարարեց վեթինգի մասին: Մայիսյան բուռն մեկնարկից հետո, որը պայմանավորվել էր երկրորդ նախագահի ազատ արձակման հանգամանքով, դատական համակարգի շուրջ իրավիճակը ամռանը բավականին սառեց: Արդյոք ԱԺ նախագահի ելույթում նշմարվո՞ւմ են «ապասառեցման» երանգներ: Որովհետև «սառեցումից» տպավորություն էր, որ կառավարող ուժը պարզապես չգիտի ինչ անել դատական համակարգի հետ, որպեսզի մի կողմից՝ այն փոխվի և դադարի լինել նախորդ իշխանությունից մնացած ճյուղ, մյուս կողմից, սակայն, այդ քայլերը նախորդ իշխանությանը չտան Հայաստանի նոր իշխանությունը Եվրոպայի խորհրդում ոչ ժողովրդավար ներկայացնելու հիմք, հնարավորություն կամ առիթ:
Այս տեսանկյունից, ի դեպ, հետաքրքիր է, որ Արարատ Միրզոյանի ելույթը տեղի է ունենում Հայաստան Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության այցին զուգահեռ: Պետք չէ բացառել, որ Վենետիկի պատվիրակության հետ քննարկվում է ընդհուպ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը, որի վերաբերյալ ՍԴ-ն, ինչպես հայտնի է, դիմել է ՄԻԵԴ և Վենետիկ՝ խորհրդատվական կարծիքի համար:
Արարատ Միրզոյանը, ի դեպ, իր ելույթում ՍԴ-ին քննադատում է նաև այն բանի համար, որ խորհրդարանի դիմումին ի պատասխան պատշաճ բացատրություն չի ներկայացվել, թե ինչ հիմքով է ՍԴ-ն երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ խորհրդատվական կարծիքի համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկ: Ինչպես առիթ ենք ունեցել ասելու, այդ քայլով Սահմանադրական դատարանն իհարկե հարցի մեջ ներգրավում է Եվրոպայի խորհրդին, ինչը նշանակում է, որ եթե Վենետիկը տա խորհրդատվություն այնպիսի մեկնաբանությամբ, որը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի է, ապա այստեղ կարող է առաջանալ հակասություն Հայաստանի իշխանության ու Եվրոպայի խորհրդի միջև, ինչն արդեն քաղաքական էական խնդիր է:
Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովը հայտնել է խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամություն: Միանգամայն հավանական է, որ պատվիրակության ներկայիս այցը էապես կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, և այստեղ անխուսափելի են դրա շուրջ քննարկումներն իշխանության հետ:
Արդյոք իշխանությունը այդ քննարկումներին ընդառաջ կոշտացնո՞ւմ է իր դիրքերը Արարատ Միրզոյանի ելույթով և խորհրդարանի քայլերով՝ Վենետիկի պատվիրակության հետ քննարկումներում անհրաժեշտ եզրահանգումներ ստանալու համար:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի