Լուրեր
Ամուսինս շատ պասիվ է սեռական կյանքում, ամիսը 2 անգամ ենք հարաբերվում, դա ինձ չի գոհացնում, ու մենք վիճում ենք (18+)

Սեռական կյանքում գոյություն ունեն թվեր, հաշվարկներ, բանաձևեր: Քիչ չեն այն դեպքերը, երբ այցելուները հարցնում են՝ ո՞րն է ճիշտը՝ շաբաթական քանի՞ անգամ սեռական հարաբերություն ունենալ, իսկ միգուցե ամսվա՞ ընթացքում. այս և այլ հարցերն ամուսինների միջև առաջացնում են կոնֆլիկտային իրավիճակներ:
Այսօր նմանատիպ մի իրավիճակ ենք քննարկում. մեր հյուրը մոլորվել է. «Ամուսնացած եմ, 32 տարեկան, ունեմ երկու երեխա: Ունեմ մի խնդիր, իմ ամուսինն ամիսը երկու անգամ է ինձ մոտենում, իսկ իմ ցանկությունն ավելի մեծ է, ես ցանկություն ունեմ գրեթե ամեն օր: Արդեն 1 տարի է՝ այս իրավիճակում ենք, ամուսինս պասիվացել է, իսկ ես օրեցօր ակտիվանում եմ և մերժվում»:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, անդրադառնալով այս մտահոգությանը, նշեց. «Ինչպես ախորժակը, այնպես էլ սեռական ցանկությունը նորմալ երևույթ է: Բանն այն է, որ մարդիկ տարբեր են իրենց սեռական ցանկությամբ՝ ելնելով իրենց սեռական խառնվածքից: Եթե մարդն ունի ուժեղ սեռական խառնվածք (այստեղ սեռը կապ չունի), կարող է ամեն օր ցանկանալ, օրվա ընթացքում մի քանի անգամ ցանկանալ, և դա նորմալ է, քանի որ այդպիսին է նրա սեռական խառնվածքը: Եթե թույլ տիպի սեռական խառնվածք ունի, նա կարող է շաբաթական մեկ անգամ ցանկանալ, և դա նույնպես նորմալ է:

Եթե սեռական ակտիվությունը սկսում է նվազել, միգուցե դա սթրեսի, լարված պայմաներում երկարատև աշխատանքի հետևանք է: Առօրյա հոգսերը ժամանակի ընթացքում սկսում են կլանել ամուսիններին, ժամանակի ընթացքում սկսում են օտարանալ, ինչը լուրջ հետևանքներ է թողնում. խնդիրների մեծ մասն սկսվում են այստեղից: Զբվածությունը, լարված իրավիճակը, ծանրաբեռնված աշխատանքն աստիճանաբար բացասաբար են ազդում սեռական կյանքի որակի, սեռական առողջության վրա: Դրան զուգահեռ զույգերը սկսում են միմյանց հետ չշփվել, և հարաբերությունները սկսում են «ժանգոտել»: Շատ դեպքերում ծանր աշխատանքը նվազեցնում է տղամարդու սեռական ունակությունները, նրա մոտ սեռական հիմնական հորմոնը՝ տեստոստերոնը նվազում է… Հոգեբանական ցանկացած իրավիճակ ժամանակի ընթացքում հանգեցնում է օրգանական խնդրի»:

Սեքսապաթոլոգը խորհուրդ տվեց՝ որպես կին ավելի ակտիվ և նախաձեռնողական լինել, միմյանց հետ շատ շփվել և վերականգնել այն գույները, որ կար ամուսնական կյանքի սկզբում. «Շփումը հանգեցնում է ջերմության, ջերմությունը վստահության և հաճելի ակնթարթների, ինչն էլ գունավորում է նաև սեռական կյանքը…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *