Արտաքին գոծերի նախարարը Հայաստանի դեսպանների վերջին հավաքի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության նոր երեք ուղենիշների մեջ առանձնացրեց նաև համահայկականությունը: Ի՞նչ է դա նշանակում գործնականում և ի՞նչ է ենթադրում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը նշեց. «Մեր գրասենյակի տեսակետից կարևոր է երկու համատեղ սկզբունք ունենալ՝ հզորացնել Սփյուռքը, և միևնույն ժամանակ՝ Հայաստանը: Միգուցե անցյալում դա եղել է մեկկողմանի հարաբերություն. Սփյուռքն անընդհատ ապրել է այն գաղափարով, որ պետք է Սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործել Հայաստանը հզորացնելու համար: Մենք այն կետին ենք հասել, որ այդ հարաբերությունը կարող է լինել երկկողմանի, այսինքն՝ բալանսի բերել գաղափարները և ուժեղացնել ոչ միայն Հայաստանը, այլ նաև Սփյուռքը»:
Սառա Անջարգոլյանի դիտարկմամբ՝ Սփյուռքում դժվար է պահպանել մեր լեզուն և մշակույթը, և եթե Սփյուռքի համայնքներում բացվեն «Թումո» կենտրոններ և մեր մշակույթն ու լեզուն նոր սերնդին մատուցվեն «թումոյական» ոճով, առավել արդյունավետ կլինի: «Մտածում ենք այդպիսի ծրագրերի մասին, այսինքն՝ Հայաստանից հզորացնել Սփյուռքը, իսկ Սփյուռքից հզորացնել Հայաստանը»: Մեր զրուցակցի խոսքով՝ Սփյուռքի ներուժը կօգտագործվի նաև ի նպաստ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման. «Ներուժ» ծրագրի շրջանակներում մասնագետների, նորարարական գաղափարներ ունեցող անձանց հանդիպում կկազմակերպվի Հայաստանում:
Մանրամասն՝ տեսանյութում: