Քննադատները Netflix-ի «Լվացքատուն» ֆիլմում Մերիլ Սթրիփի դերն «անհավանական տարօրինակ» են անվանել:
Կոռուպցիան բացահայտելու մասին ֆիլմում դերասանուհու մարմնավորած լատինաամերիկյան ծագում ունեցող գրասենյակի աշխատակցուհու կերպարը քննադատները գրոտեսկային և անհամոզիչ են անվանել:
Ֆիլմի պատմությունը կենտրոնացած է պանամական փաստաթղթերի շուրջ, որոնք հայտնվել են կոռուպցիայի և անօրինական հարստացման վերաբերյալ հետաքննություն վարող լրագրողների ձեռքին: Մերիլ Սթրիփը ֆիլմում երկու դեր է խաղում՝ սպիտակ ամերիկացի այրու, որը փորձում է պարզել հանգուցյալ ամուսնու ֆինանսական գործերի վերաբերյալ ճշմարտությունը, և երկրորդը՝ պանամական փաստաբանական գրասենյակի աշխատակցուհու:
Մերիլ Սթրիփի երկրորդ հերոսուհին բրոնզե մաշկ, կեղծ քիթ, սև կեղծամ և չափազանցված «լատինական» առոգանություն ունի, ինչն էլ քննադատներն անբնական են համարել:
Vanity Fair-ից Ռիչարդ Լոուսոնը դերասանուհու կերպարը «տարօրինակ և բավականին տհաճ սխալ է անվանել, հատկապես բարձր գիտակցության դարաշրջանում»: Նրա հետ համաձայնել է նաև կինոլրագրող Ռաֆայել Մոթամայորը՝ դերն անվանելով «անչափ տարօրինակ»:
Սակայն, ֆիլմի ռեժիսորի խոսքերով, նրա գաղափարի իմաստը «Լվացքատունը» զվարճալի դարձնելն էր, չնայած արծարծվող թեմայի լրջությանը:
«Լվացքատուն» կինոնկարի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2019-ի սեպտեմբերի 27-ին Netflix-ում: