Ամերիկյան Բալթիմոր քաղաքում (Մերիլենդ նահանգում), ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցելությունից առաջ հսկայական օդապարիկ են օդ բարձրացրել, որը պատկերում էր Թրամփին՝ առնետի կերպարով։ Այս մասին հաղորդում է CBS News հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է, քաղաքի բնակիչները օդապարիկը օդ են բարձրացրել Պրեզիդենտ–սթրիթ փողոցի վրա։ Օդապարիկի վրա գրություն է եղել փակցված՝ «Պայքարիր ֆաշիզմի դեմ, կանգնեցրու Թրամփին»։
Ակցիայի մասնակիցները նպատակ են ունեցել ամերիկյան առաջնորդին ցույց տալ, թե ինչպես են նրա խոսքերն ու գործողություններն անդրադառնում հասարակ մարդկանց վրա։ Քաղաքացիները նաև առաջարկել են փողոցը վերանվանել Բարակ Օբամայի անունով՝ ի պատիվ նախկին նախագահի։