Ավստրալիական Qantas ավիաընկերության ինքնաթիռը, որը Սիդնեյից Կանբերրա էր ուղևորվում, կես ճանապարհից հետ է վերադարձել՝ ինքնաթիռում վիճաբանող ուղևորների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։
Ականատեսների խոսքերով՝ թռիչքի ընթացքում երկու ուղևոր սկսել են վիճել. նրանցից մեկը հրաժարվել է անջատել հեռախոսը՝ մյուսի խնդրանքով։ Դրանից հետո, դիտողություն արած տղամարդը խլել է համառ ուղևորի հեռախոսը և նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։
Ավելի ուշ նրանց միջամտել է բորտ ուղեկցորդուհին, ասելով, որ ուղևորներին սմարթֆոններից օգտվել արգելելն իր պարտականությունն է։ Արդյունքում օդաչուն բարձրախոսով հայտարարել է, որ որոշում է կայացրել հետ վերադառնալ օդանավակայան՝ տղամարդկանց իջեցնելու համար։
Վայրէջքից հետո Սիդնեյի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները դիմավորել են ինքնաթիռն ու սրահից դուրս հանել կարգազանցներին։ Մնացած ուղևորները Կանբերրա են հասել 25 րոպե ուշացումով։