Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավորներ Կարինե Պետրոսյանի եւ Ալեքսեյ Սուքոյանի կողմից ներկայացված միջնորդություններն իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը կարճելու վերաբերյալ՝ գործի քննության ժամկետներն սպառված լինելու հիմքով։
Դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու միջնորդությունը ներկայացվել էր ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկությունների հիման վրա։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքն այն է, որ ըստ միջնորդության ՝ 14 սնանկության գործերով որոշակի դատական ընթացակարգեր են խախտվել։ Դատավորը միջնորդեց կարճել կարգապահական վարույթը, քանի որ խախտվել են միջնորդությունը քննելու ժամկետները։
Բանն այն է, որ ԲԴԽ-ն գործը ստացել է հուլիսի 10-ին, պետք է քններ մեկամսյա ժամկետում, սակայն օգոստոսի 5-ին ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարական տվեց, և փաստորեն օգոստոսի 10-ին դատարանը լիարժեք կազմով չի եղել և իրավասու չի եղել քննել գործը։ Փաստորեն, գործի քննության ժամկետները խախտվել են։
Դատարանը այսօր խորհրդակցական սենյակում որոշել է կարճել դատավորների նկատմամբ վարույթները։