Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն լեզվի սայթաքման պատճառով իր բրիտանացի գործընկեր Բորիս Ջոնսոնին Բորիս Ելցին է անվանել: Այս մասին հայտնել է The Jerusalem Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել կառավարության նիստի ընթացքում: Նեթանյահուի վրիպումը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով:
«Ես վերադարձել եմ Լոնդոն կատարած շատ հաճելի ուղևորությունից, որտեղ հանդիպել եմ վարչապետ Բորիս Ելցինի և ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Կադրերում հնարավոր է լսել, որ ներկաները ուղղում են Իսրայելի կառավարության ղեկավարին, նա ժպտում է և հայտարարում, որ ստուգում էր, թե որքան ուշադիր են ունկնդրում իրեն:
Բորիս Ելցինը Ռուսաստանի առաջին նախագահն է: Նա երկիրը ղեկավարել է 1991-1999 թվականներին: