Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերը կիրակի առավոտյան իրականացրել են Սիրիայի շրջանների առաջին ցամաքային պարեկությունը Եփրատ գետից արևելք, որտեղ նախատեսվում է ստեղծել անվտանգության բուֆերային գոտի: Այս մասին հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Պարեկությանը մասնակցել է Թուրքիայի զինված ուժերի վեց զրահատեխնիկա, որոնք տեղական ժամանակով 10։00-ին անցնում էին Սիրիայի հետ սահմանը Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե շրջանի հարավում: Սիրիական կողմում թուրքական զինվորականներին սպասում էին ամերիկացի զինվորականները: Տեղի ունեցավ կարծիքների փոխանակում պարեկության ծրագրի իրականացման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այնուհետև միացյալ ռազմական ջոկատը ուղևորվել է դեպի Թալ Աբյադ քաղաք, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այստեղ թուրք զինվորականները դիտարկումներ են կատարել: Պարեկային ծառայությունը շարունակվել է հարավային ուղղությամբ: Ամբողջ գործընթացը տևել է մոտ երեք ժամ:
Սիրիայի հետ սահմանին վերադարձող թուրքական զրահատեխնիկայի շարասյունը հանդիպել է ATAK գրոհային ուղղաթիռներին, պարեկությանը մասնակցել են նաև ԱԹՍ-եր:
Իր հերթին, Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ագրեսիա է համարում Թուրքիայի և Միացյալ Նահանգների համատեղ ցամաքային պարեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Դամասկոսը կարծում է, որ «այս քայլը ագրեսիա է և ուղղված է Սիրիայում ճգնաժամի երկարացմանը»: Բացի այդ, Բաշար Ասադի ռեժիմի ներկայացուցիչները նման գործողությունները դիտում են որպես «միջազգային իրավունքի, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում»: