Փարիզի կենտրոնում գողացվել է փողոցային նկարիչ Բենքսիի ամենահայտնի նկարներից մեկը։ Թե ինչպես է դա տեղի ունեցել, պարզվել է միայն այն ժամանակ, երբ հայտնվել է գողության տեսագրությունը։
Նկարահանումն արել է հարևան տան բնակչուհիներից մեկն իր պատուհանից, որն արթնացել էր աղմուկից։ Նա նկատել է դեղին ժիլետով մարդու, որին թերևս բոլորը փողոցային շինարարական աշխատանքներով զբաղվող վարպետի տեղ էին դրել։ Նա, առանց որևէ մեկից թաքնվելու, ինչ–որ բան էր անում ճանապարհային նշանի հետ, որի վրա գտնվում էր Բենքսիի աշխատանքը։
Ինչպես գրում է The Local պարբերականը՝ գրաֆիտին արված է եղել Փարիզի «Պոմպիդու» կենտրոնի մոտակայքում տեղակայված ճանապարհային մետաղական նշանի հետևի մասում:
Դրանում պատկերված է եղել դիմակ կրող, դանակով «զինված» առնետ: Նշանը ծածկված է եղել պլեքսիգլաս նյութով:
Ընդ որում, սա Բենքսիի աշխատանքների գողության առաջին դեպքը չէ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզի «Բատակլան» համերգասրահի պահուստային ելքի դռան վրայից անհետացել էր 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված նկարը:
Չնայած, որ Բենքսիի բոլոր աշխատանքները աճուրդներում միլիոնավոր դոլարներ են գնահատվում, ոչ ոք չգիտի, թե ով է թաքնված այդ անվան ետևում։
Detail of the new Banksy in Paris at Centre Pompidou. #banksy #centrepompidou #paris #art #contemporaryart #streetart #urbanart #stencil pic.twitter.com/2Zoej9QycJ
— Print Them All (@PrintThemAll) June 27, 2018