Անգամ մի ամբողջ կյանքը բավարար չէ Հայաստանն ամբողջությամբ ճանաչելու համար: Այս կարծիքն ունի մի մարդ, ով բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթները, իջել ամենախոր ձորերն ու հայտնվել քարանձավներում: «Հայկական աշխարհագրական նախագծի» հեղինակ, հիմնադիր Տիգրան Վարագը (Շահբազյան) պարզաբանեց, որ որպես կեղծանուն վերցրել է Հայկական ամենագեղեցիկ լեռներից մեկի անունը՝ Վարագ. «Իմ պապը Վանից է, իսկ Վարագը վանեցիների սուրբ լեռն է համարվում»:
«Հայկական աշխարհագրական նախագիծը» ստեղծվել է 2012-ին: Տիգրան Վարագի հավաստմամբ՝ նպատակը եղել է Հայաստանի բնությունը շատ ավելի խորությամբ ճանաչելը, և իր հոբբին աստիճանաբար վերծվել է գործի: «Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթներ բարձրանալու մասին միտքը մեր նախագծի մեխն էր, որն իրագործելուց հետո ստեղծեցինք «Հայաստանի լեռները» գիրքը: Հիմա ուզում ենք մեր աշխարհագրությունն ընդլայնել և բարձրանալ Հայկական լեռնաշխարհի լեռները՝ Հայաստանի սահմաններից դուրս՝ Թուրքիայում և Վրաստանում»:
Տիգրան Վարագը հավաստիացրեց, որ լեռնային տուրիզմը վերջին տարիներին Հայաստանում զարգանում է մեծ տեմպերով. «Հիմնականում անհատներն ու ակումբներն են խթանում լեռնագնացության զարգացմանը»: Նրա խոսքով՝ Հայաստանի լեռները տուրիզմի զարգացման տեսանկյունից մեծ պոտենցիալ ունեն:
Մանրամասն՝ տեսանյութում: