Հաջորդ տարվա սկզբին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնությունների արդյունքում առաջացած առևտրային քաղաքականության անորոշության պատճառով համաշխարհային տնտեսությունը կարող է մոտ 850 միլիարդ դոլար կորցնել: Այս մասին սեպտեմբերի 5-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հիմնվելով ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից իրականացված վերլուծության վրա:
Ըստ հետազոտողների, որոնք, մասնավորապես, վերլուծել են պարբերականների հոդվածները, առևտրային քաղաքականության անորոշությունը հասել է աննախադեպ մակարդակի 1970-ականներից ի վեր:
Նրանք նաև գնահատել են անորոշության ազդեցությունը տնտեսական ակտիվության վրա, քանի որ ձեռնարկությունները դանդաղեցնում են արտադրության տեմպերը և կրճատում են ներդրումները: Հետազոտողները եզրակացրել են, որ համաշխարհային մասշտաբով այդ ազդեցությունը կկազմի ՀՆԱ-ի մոտ 1%-ը:
Ըստ Reuters-ի գնահատականների, այժմ ԱՄՆ ՀՆԱ-ն գնահատվում է մոտ 20 տրիլիոն դոլար, իսկ համաշխարհային ՀՆԱ-ն՝ մոտ 85 տրիլիոն դոլար:
Միևնույն ժամանակ, 1% ազդեցությունն ԱՄՆ-ի առևտրի ոլորտում 200 միլիարդ դոլարի կարգի վնասի կհանգեցնի երկրի ՀՆԱ-ում և 850 միլիարդ դոլար՝ համաշխարհային ՀՆԱ-ում:
Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմը սկսվեց 2018-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց ներմուծման մաքսատուրքեր մտցնել չինական ապրանքների համար: Պեկինը նույն կերպ պատասխանեց Վաշինգտոնին:
Կողմերը բազմիցս բանակցություններ են վարել իրավիճակը կարգավորելու համար, բայց այս պահի դրությամբ դեռ համաձայնության չեն եկել: