Հայաստանում ակտիվ քննարկում են Ռուսաստանում արգելված «Ռուսներ. էթնոքաղաքական միավորման» Կալուգայի մասնաճյուղի նախկին ղեկավար Վիտալի Շիշկինի շուրջ ստեղծված իրավիճակը: Նա սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Ես շնորհակալ եմ Հայաստանին ինձ՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով հալածվող քաղաքական գործչիս, փախստականի կարգավիճակ տալու համար»: Գրառումից հետո բավականին մեծ աղմուկ բարձրացավ, հարցը դիտարկում են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:
«Շիշկինի թեմայի քաղաքականացումը, իհարկե, անթույլատրելի է, և այդ հարցով զբաղված են տարբեր ուժեր, հատկապես Ադրբեջանը, և կարիք չկա նրանց օժանդակել, հետևաբար չեղած բաները քաղաքականացնելն ու որոշակի մարտահրավերներ ստեղծելը ըստ էության այդքան էլ տրամաբանական չեն»,- ասաց Մինասյանը:
Նրա խոսքով՝ նույն Շիշկինի գրառումը մասնագիտական տեսանկյունից լուրջ վրիպակներ էր պարունակում, որովհետև կար հստակ շփոթ քաղաքական ապաստան և փախստականի կարգավիճակ եզրույթների միջև, այնինչ մասնագիտական դաշտում դրանք տարբեր աշխարհներ են: «Սկզբնական շրջանում տեղեկատվական դաշտում շրջանառվեց, թե իբր Շիշկինին տրամադրվել է քաղաքական ապաստան, ինչը իրականությանը չի համապատասխանում»:
Մինասյանը նաև շեշտեց, որ Շիշկինի քաղաքական հայացքները, մեղմ ասած, միանշանակ չեն, նացիոնալիստական որոշակի նրբերանգներ են նկատվում, և ընդհանրապես նա հայտնի չէ որպես կարկառուն ընդդիմադիր գործիչ: «Հետևաբար ստեղծված իրավիճակին արհեստական նրբերանգներ տալ, ընդգծել տարբեր գործոններ, փորձել մութ սենյակում սև կատու գտնել, երբ ընդհանրապես կատու չկա, տեղին չէ»:
Հայրապետյանն իր հերթին ընդգծեց, որ նմանատիպ գործերի դեպքում միշտ ըստ էության նկատվում է «փոթորիկ» մեդիա համայնքում, որը բնավ չի արտահայտում իրականությունը, և տեղին չէ այս համատեքստում փնտրել խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում: «Կարծում եմ, որ ինչպես ցանկացած այլ պետության հետ, այսինքն՝ ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են ռազմավարական դաշինքի տրամաբանության վրա, զարգանում են նորմալ հունով, բավական անկեղծ հարաբերություններ են, քննարկվում են բազմաթիվ հարցեր, որոշ հարցերում կարող են լինել և տարբեր մոտեցումներ, և նման խնդիրներով փորձել լարվածության էլեմենտներ մտցնել, իհարկե, անթույլատրելի է»: