Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը դատարանում հրաժարվում է հարցերին պատասխանել ի նշան բողոքի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» սեպտեմբերի 4-ին հայտարարել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
«Նա չի պատասխանում քննիչի և դատավորների հարցերին, լռություն է պահպանում: Դա նրա բողոքն է այն անօրինականության դեմ, որը կատարվում է»,- հայտարարել է Սլեսարյովը:
Սեպտեմբերի 4-ին Բիշքեկի քաղաքային դատարանը Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում տեղի ունեցած արտագնա նիստում օրինական է ճանաչել Աթամբաևին բերման ենթարկելն ու ձերբակալելը՝ ուժի մեջ թողնելով ստորին ատյանի՝ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանի որոշումը: