Իրանական նավթի եկամուտներով երաշխավորված վարկային գծերի ստեղծման շուրջ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը՝ հաղորդում է Reuters-ը:
Գաղափարի նպատակն է իրանական նավթի եկամուտներով երաշխավորված վարկային գիծ տրամադրել՝ Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու, Պարսից ծոցում անվտանգության և տարածաշրջանային անվտանգության հարցով բանակցությունները սկսելու փոխարեն:
Արևմտյան և իրանական աղբյուրների համաձայն՝ Ֆրանսիան առաջարկում է մոտ 15 մլրդ դոլարի չափով վարկային գծեր տրամադրել Իրանին՝ 2015թ. միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրին վերադառնալու փոխարեն:
Եվրոպացի առաջնորդները փորձում են կայունացնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև առճակատումն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ միջուկային համաձայնագրից:
Երկուշաբթի Փարիզում էր իրանական պատվիրակությունը, որի կազմում էին նավթային և ֆինանսական արդյունաբերության ներկայացուցիչները: Նրանց այցի նպատակն էր հստակեցնել վարկային գծերի մանրամասները, որոնք Իրանին թույլ կտանան պատժամիջոցներից հետո որոշակի առումով «խորը շունչ քաշել»:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոն, որտեղ մասնակիորեն կքննարկի վարկային մեխանիզմը: