Ռուսաստանը չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Եթե դուք կարդացել եք Ռուսաստանի դատախազության հաղորդագրությունը, ասված է, որ դիմել են ՀՀ դատախազությանը՝ լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Այսինքն՝ չկա արտահանձնման վերջնական որոշում»,- ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունանին, դեսպանն ասաց, որ նա ՌԴ քաղաքացի է: Եվ Սահմանադրության համաձայն՝ այդ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել:
«Մեր իրավապահ մարմինների, դատախազությունների համագործակցության արդյունքում նման տասնյակ, հարյուրավոր դեպքեր են լինում, ուղղակի հանրությանը քիչ հայտնի են, չենք իմանում: Ես չէի քաղաքականացնի, չէի բերի հայ-ռուսական հարաբերությունների դաշտ»,- նշեց Տողանյանը: