Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:
«Զարգացման շրջանակը ստեղծված է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,- գրել Է Բախտաձեն Facebook-ի իր էջում:
«Ինձ համար մեծ պատիվ էր և միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ ու կլինեմ «Վրացական երազանքի» անդամը և մեր երկրի նվիրյալ զինվորը»,- նշել է նա:
Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչև նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:
Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին և կառավարության ծրագրին:
Վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» Է): Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: