Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որոշել է չվիճել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն հարցի շուրջ, թե որտեղ է գտնվում աշխարհում ամենագեղեցիկ մզկիթը: Պուտինի և Կադիրովի աշխատանքային հանդիպման սղագրությունը հրապարակվել է Կրեմլի կայքում:
Զրույցի ընթացքում Պուտինը Կադիրովից հետաքրքրվել է, թե ինչպես է անցել «Մուսուլմանների հպարտություն» մզկիթի բացումը: Նախագահի հարցին՝ իսկապե՞ս այն ամենախոշորն է Եվրոպայում, Կադիրովը պատասխանել է, որ այն ոչ միայն ամենամեծն է, այլև ամենագեղեցիկը աշխարհում:
https://www.youtube.com/watch?v=baIRGKKXAyU&feature=youtu.be
«Աշխարհում ամենագեղեցիկը Պետերբուրգում է»,- պատասխանել է Պուտինը: «Չեմ կարող Ձեզ հետ վիճել, Վլադիմիր Վլադիմիրովիչ»,- ասել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը Պուտինին խնդրել է այցելել հանրապետություն: Նրա խոսքով՝ տարածաշրջանի ավագները և գիտնականները սկսել են իրեն մեղադրել, որ նախագահը այց չի կատարում: Ի պատասխան՝ Պուտինը խոստացել է այցելել Չեչնիա: «Ես վաղուց ձեզ մոտ չեմ եղել, ուզում եմ գալ և անպայման կգամ»,- ասել է նա: