Վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ»-«Վիկտորիա» հանդիպման նախօրեին տված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ ինքը մանրամասն ուսումնասիրել է մրցակցին:
«Ուսումնասիրել ենք այդ թիմի խաղը: Կարող եմ ասել, որ շատ կարգապահ, շատ կազմակերպված թիմ է: Եթե համեմատեմ անցյալ և նախանցյալ տարվա մեր մրցակիցների հետ՝ Զագրեբի «Դինամո»-ի ու «Պարտիզան»-ի խաղում իմպրովիզացիան ավելի շատ էր: Այս թիմն ավելի շատ աչքի է ընկնում կարգապահությամբ և կազմակերպվածությամբ: Ունեն հավաքականի մեկ-երկու ֆուտբոլիստ: Թիմի ավագը փորձառու ֆուտբոլիստ է և բոլոր ստանդարտներն ինքն է իրացնում: Կարող եմ ասել, որ մենք այս թիմի դեմ կարող ենք խաղալ:
Չնայած մեր թիմը երիտասարդ է և կորուստներ ունի, բայց մենք մեր մաքսիմումն անելու ենք: Մեկ ժամ առաջ թիմի հետ խաղն էինք վերլուծում, և ես տղաներին ասացի, որ եթե ուզում ենք հաջող խաղալ, ապա պետք է մոռանանք Հայաստանի առաջնության տեմպն ու սկսենք արագ խաղալ: Շանսեր ունենք»,- ասաց Վարդան Մինասյանն ու հավելեց, որ բավականաչափ խաղեր են դիտել «Վիկտորիա»-ի մասնակցությամբ: