Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ մանրամասներ հայտնելով Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից:
«Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է ՀՀ 2 քաղաքացի: Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։
ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ: