Երկնիշ աճը ֆանտաստիկայի ոլորտից չէ և միանգամայն հնարավոր է արագ հասնել դրան, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով թե՛ տնտեսական ընթացիկ վիճակագրական միտումների, թե՛ նաև «Մուդիս» վարկանիշային կազմակերպության Հայաստանին տված նոր և ավելի բարձր ներդրումային վարկանիշի մասին: Ակնառու է, որ 2050 թվականի համար սահմանած հայտնի նպատակներին հասնելու համար կառավարությանն անհրաժեշտ է հնարավորինս արագ հասնել երկնիշ տնտեսական աճի: Երկնիշ տնտեսական աճ հասկացությունը Հայաստանում առաջացնում է քաղաքական ասոցիացիաներ՝ այդ աճի, այսպես ասած, նախադեպային տարիների հետ, որոնք Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանն են: Երկրորդ նախագահը այդ երկնիշ աճը դարձրել է իր քաղաքական հավատամքը, անընդհատ հիշատակելով այդ մասին: Իհարկե, այդ հիշատակումներին ամենակոշտ պատասխանն ըստ էության տվել են ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսները, այլ նրա նախագահության շրջանում ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցրած, հետագայում՝ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում վարչապետի պաշտոնին նշանակված, իսկ այժմ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա իր վարչապետության շրջանում հայտարարեց, որ երկնիշ այդ աճը սպեկուլյատիվ էր: Դժվար է ասել, եթե Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում չլիներ Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի քննադատության լուրջ թիրախ, կանե՞ր այդպիսի պնդում Ռոբերտ Քոչարյանի շրջանում երկնիշ աճի վերաբերյալ, թե՞ ոչ: Համենայնդեպս, այդ տարիներին Տիգրան Սարգսյանը ԿԲ նախագահի պաշտոնում կարծես թե որևէ մտահոգություն չի հայտնել սպեկուլյատիվ աճի վերաբերյալ: Հետո արդեն, վարչապետի պաշտոնում դառնալով քաղաքական թիրախ, Տիգրան Սարգսյանը սպեկուլյատիվ որակեց կապիտալ շինարարության բումի վրա կառուցված այդ աճը:
Այդուհանդերձ, անկախ քաղաքական մոտիվներից, ճշմարտության հատուկ այդ գնահատականում թերևս կար, և երևի թե հատիկներ՝ շատ: Բանն այն է, որ անգամ ամենաապաշնորհ կառավարության պայմաններում չէր կարող մի քանի տարի շարունակ երկնիշ աճող տնտեսությունը շրխկալ առաջին իսկ արտաքին շոկի պայմաններում, արձանագրելով ամենամեծ անկումներից մեկը աշխարհում՝ 14 տոկոս: Իհարկե, տնտեսագիտական դիրքերից երկնիշ աճը կամ օսկանյանական բնութագրով՝ վագրային թռիչքը ենթարկվում էր այլ, ավելի մասնագիտական վերլուծության և գնահատման, բացահայտվելով ավելի շատ իբրև փուչիկ: Իսկ բուն խնդիրն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը, շահագրգռված լինելով մեծ տնտեսական աճի վիճակագրությամբ, գործնականում չէր ցուցաբերել այդ աճի, այսպես ասած, որակական տրանսֆորմացիայի շահագրգռություն: Այստեղ պատճառները շատ են: Նա չուներ քաղաքական մոտիվացիա, որովհետև հստակ չէր՝ արդյոք կստացվի՞ պահել իշխանությունը որևէ սցենարով, թե հարկ կլինի փոխանցել Սերժ Սարգսյանին, ինչը Ռոբերտ Քոչարյանը չէր ուզում ակնհայտորեն:
Ըստ այդմ, նա շահագրգռված չէ անել տնտեսության որակական ռեֆորմացիա՝ հիմնվելով բարձր աճի դրական նախադրյալի վրա, քանի որ փաստացի այդ ռեֆորմացիան լինելու էր Սերժ Սարգսյանի համար: Մյուս կողմից, անել տնտեսական ռեֆորմացիա ու երկնիշ աճը ենթարկել այսպես ասած՝ որոշակի նվազման, նշանակելու էր ոչ միայն, այսպես ասած, վարկանիշային ռիսկ, այլ նաև քաղաքական-համակարգային: Բանն այն է, որ ռեֆորմացիան անխուսափելի էր դարձնելու քաղաքական «էլիտայի» շահերի ոտնահարումը: Մի բան, որն, ի դեպ, իր ելույթներում սկսեց շոշափել 2006-ին մի քանի ծրագրային ելույթ ունեցած արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որին դիտարկում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդի թեկնածու: Օսկանյանը հայտարարում էր, որ «երկրորդ սերնդի բարեփոխումները» պետք է ցավոտ լինեն «էլիտայի» համար:
Հնարավոր է՝ պետք չէ բացառել, որ դրանք առնվազն մասնակի վերածվեին իրական քաղաքականության, եթե աշխատեր Վարդան Օսկանյանին նախագահ առաջադրելու Ռոբերտ Քոչարյանի պլանը, և նա ստանար իշխանության համակարգի վերահսկողությունը որևէ կերպ շարունակելու երաշխիք, արդեն ձգտելով աշխատել հետագա վարկանիշի վրա: Իհարկե, ինչ եղավ հետո, հիշում են թերևս բոլորը: Բայց այստեղ գուցե նաև հենց Օսկանյանի հայտարարությունները եղան ճակատագրական, և Սերժ Սարգսյանը կարողացավ համախմբել կառավարող համակարգին, «էլիտային»՝ հենց «ցավոտ բարեփոխումների» մասին հարցը օգտագործելով և խոստանալով «անցավ» ու բացարձակ իշխանություն:
Ներկայումս գործ ունենք, իհարկե, բոլորովին այլ քաղաքական իրողությունների և իշխանության հետ, որը սկզբունքորեն տարբերվում է հանրային լեգիտիմության և չկոռումպացվածության հանգամանքներով: Սակայն անգամ սրանով հանդերձ, խորքային առումով, Նիկոլ Փաշինյանն էլ կանգնած է լինելու լուրջ քաղաքական ընտրության առաջ՝ տնտեսական ռեֆորմների և քաղաքական նպատակահարմարության, քանի որ ռեֆորմը ենթադրելու է անխուսափելի գին որևէ հանրային-քաղաքական շրջանակում, այդ թվում՝ ներառյալ կառավարող ուժը կամ իշխանությունը: Իսկ երկնիշ աճի հասնելը մի խնդիր է, իսկ այն պահելը կամ կայուն տնտեսական աճի վերածելը՝ թեկուզ միանիշ մակարդակի վերադարձով, պահանջելու է խորքային ռեֆորմատիվ քաղաքականություն: Լեգիտիմությունն ու չկոռումպացվածությունը, անշուշտ, մեծ նախադրյալ են իշխանության համար՝ ռեֆորմի գնի հարցում համարձակության տեսանկյունից, բայց իհարկե կան թե՛ ներքին-նախկին, թե՛ արտաքին մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ կաշկանդող հանգամանքներ, որոնք իրենց հետքն են թողնում նժարի վրա: